Լրահոս
Օրվա լրահոսը

Մեվլութ Չավուշօղլուն ընդունո՞ւմ է, որ Թուրքիան հայերի ցեղասպանություն է իրականացրել

Հունիս 02,2016 20:10

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Գերմանիայի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ գրառում է կատարել Twitter միկրոբլոգում: «Այլ երկրների պատմությունը խորհրդարանի անպատասխանատու և անհիմն որոշումներով սևացնելը սեփական պատմության մութ էջերը կոծկելու միջոց չէ», – գրել է նա:

Ի՞նչ է ակնարկել Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը «սեփական պատմության մութ էջեր» ասելով: Հավանաբար, որ Գերմանիան նույնպե՞ս մեղավորություն է ունեցել 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճիրում: Եթե այո, ուրեմն Չավուշօղլուն անուղղակիորեն ընդունում է, որ Թուրքիան 20-րդ դարի սկզբին իսկապես ցեղասպանություն է իրագործել ու Թուրքիան կարող է Գերմանիային էլ «մեյդան» բերել: Եթե դա իրոք այդպես է, ակնհայտ է դառնում, որ նա ծանոթ չէ բանաձեւի տեքստին, որտեղ ըստ aysor.am-ի հրապարակած թարգմանության, հստակ գրված է հետեւյալը:

«Բունդեսթագը ցավում է Գերմանական Կայսրության անփառունակ դերի համար, որը  որպես Օսմանյան Կայսրության գլխավոր ռազմական դաշնակից,  չնայած  հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոնարների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը: Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեսթագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ»:

«Գերմանիայի Բունդեսթագը հիշում է այս իրադարձությունները` նաև Առաջին համաշխարհային պատերազմի մասին հիշողության համատեքստում: Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն էր: Տեղյակ լինելով հայերի հետապնդումների և սպանությունների մասին, Գերմանական կայսրության այն ժամանակվա կառավարությունը այնուամենայնիվ ոչինչ չձեռնարկեց: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատասխանատվություն է կրում այս հանցագործության հետ առերեսման և դրա մասին հիշողությունը արթուն պահելու համար օժանդակություն ցուցաբերելու գործում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ norturk.no-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930