Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը մայիսի 26-ին Իջեւանում, Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց, որ ինքը վարկ ստանալու համար դիմել է, սակայն իրեն, որպես սահմանամերձ գյուղի բնակչի, վարկ չեն տվել, մտավախություն ունենալով, որ չի կարողանա այն մարել:
Սահմանամերձ, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվելու պատճառով տարբեր կազմակերպություններ Բերքաբերում ներդրումներ չեն անում: Գյուղապետն ասաց, որ Բերքաբերին պետք է օգնել հիմա, հետո կարող է ուշ լինել:
Բերքաբերը գազաֆիկացված չէ, ունի խմելու ջրի սուր խնդիր, գյուղի 860 հեկտար հողերը գտնվում են Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանական վերահսկողության տակ, Բերքաբեր տանող ավտոճանապարհն անբարեկարգ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ