Լեւոն Զուրաբյանի ելույթը ՌԴ Դաշնային խորհրդի եւ ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նստաշրջանի ընթացքում, որը կայացել է ՌԴ ԴԽ-ում:
(թարգմանությունը iLur.am-ի)
«Ես ներկայացնում եմ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Հայ ազգային Կոնգրես կուսակցությունը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար սահմանադրական պայքարի ակունքներում էր կանգնած եւ մշտապես հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին:
Ապրիլյան քառօրյա պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան վտանգավոր է այդ հակամարտությունը թե՛ այն ժողովուրդների համար, որոնք անմիջականորեն ներգրավված են դրանում, թե՛ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության տեսանկյունից:
Կարդացեք նաև
Մենք հանդես ենք գալիս խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի շուտափույթ կարգավորման օգտին:
Իրատեսական լինելու համար, կարգավորման ցանկացած նախագիծ պետք է համապատասխանի հետեւյալ պայմաններին.
- Կարգավորման հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հակամարտության խաղաղ կարգավորումն անհնարին է առանց ԼՂ ժողովրդի` ազատ կամարտահայտության միջոցով սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի: Այդ սկզբունքը ենթադրում է նաեւ ԼՂ մասնակցությունը խաղաղ բանակցություններին` ԵԱՀԿ 1994 թվականին կայացած գագաթնաժողովի որոշմանը համապատասխան:
- Կարգավորման ցանկացած փուլում պետք է ապահովվեն ԼՂ եւ հակամարտության մյուս կողմերի ժողովուրդների անվտանգության վստահելի երաշխիքներ: Այս փուլում այդ սկզբունքի ապահովումը ենթադրում է լրջագույն երաշխիքների ստեղծում`ղարաբաղյան հիմնախնդիրը ուժի միջոցով կարգավորելու ցանկացած փորձ կանխելու համար, ներառյալ հրադադարի ռեժիմի մշտադիտարկման ուժեղացումը:
Ընդհանրապես, հակամարտությունն ուժով կարգավորելու ցանկացած փորձ ոչ միայն անթույլատրելի արյունահեղության, այլեւ` կողմերի միջեւ անվստահության եւ լարվածության աճի է բերում, ինչն էլ ավելի է բարդացնում խաղաղ կարգավորումը:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները հանդիսանում են անվտանգության համակարգի կարեւոր տարր, որի գործառույթներից մեկը հակամարտության շիկացումը կանխելն է: Մինչդեռ, ապրիլյան պատերազմը լուրջ խնդիրներ է ի հայտ բերել: Ակնհայտ է, որ անարդյունավետ է գործում հետախուզական տվյալների փոխանակումը, չկա ռազմատեխնիկական եւ փորձագիտական գործուն համագործակցություն` հատկապես Հայաստանի զինված ուժերի կողմից բարձր տեխնոլոգիական սպառազինության յուրացման ոլորտում, եւ որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռուսական զենքի շարունակվող վաճառքը բերում է հավասարակշռության լուրջ խախտման:
Իհարկե, կարելի է հակադարձել, որ այստեղ բազմաթիվ հանգամանքներ կապված են Հայաստանի տնտեսական հնարավորությունների հետ, որ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունները կապված են դրսից` անմիջականորեն Հայաստանի տարածքի վրա հարձակումից պաշտպանության հետ, որ Ռուսաստանն արդեն իսկ ի կատար է ածում Թուրքիային` ԼՂ հակամարտություն անմիջականորեն ռազմական ներխուժումից հետ պահելու գործառույթը, եւ որ Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացմամբ` հաշվի առնելով վերջինիս ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը:
Հասկանալի է նաեւ, որ միջազգային հանրությունը շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, որը ծայրահեղ պայթյունավտանգ է եւ հղի է այդ պատերազմում տարածաշրջանային ու համաշխարհային տերությունների ներքաշմամբ, իսկ Ռուսաստանը` որպես Մինսկի խմբի համանախագահ, պատասխանատու է հակամարտության մեջ չեզոք միջնորդության համար:
Սակայն, վերոշարադրյալը միայն ապացուցում է, որ Ադրբեջաննի կողմից հակամարտությունը ուժով կարգավորելու մարտահրավերը չափազանց լուրջ է, եւ որ մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունների որակը, մակարդակն ու արդյունավետությունը համահունչ դառնան հրադադարի ռեժիմի պահպանման եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրներին: