Գավառ քաղաքի պատկերասրահում բացվեց «100 դուռ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայաստանից, Արցախից, Ջավախքից և Արևմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի և եկեղեցիների դռների լուսանկարները: Դռներ, որոնք դարերի պատմության հեռվից մարդկանց հնարավորություն են տվել իրենց միջոցով ներս մտնել ու աղոթք անել:
«Մտահղացումն իմ մեջ առաջացավ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում և ես հասկացա, որ դա մի ուխտ է, որը պետք է կյանքի կոչեմ: Նախաձեռնության իրականացմանը միացավ ճանաչված նկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը և Տեր- Շմավոն քահանան: Շրջեցինք քաղաքներով, մարզերով, համայնքներով և երկամյա դժվարին, սակայն հաճելի աշխատանքներից հետո, մեր անձնական հնարավորությունների շրջանակներում, նախաձեռնությունը իրականություն դարձրինք»- ներկայացրեց նախաձեռնության հեղինակ Խաչիկ Եղոյանը:
Նախաձեռնությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն երկամյա ծրագրի ծավալի և աշխատատարության հետևանքով այն չի հասցվել ցուցադրության ներկայացնել 2015 թվականի ապրիլի 24-ի նախաշեմին: Փոխարենն այն ցուցադրվել է 100-ամյա տարելիցի միջոցառումների ամփոփման ժամանակ: Իսկ 2016 թվականը, նմուշների ցուցադրման առումով, պաշտոնապես հայտարարվել է շրջագայությունների տարի: Մեր հանրապետությունում սա 2-րդ ցուցադրությունն է: Նախաձեռնության հեղինակի խոսքով առաջարկներ ունեն տարբեր երկրներից, իսկ իրենց գերնպատակը` այս նմուշները Ստամբուլում ցուցադրելն է: Գավառ քաղաքում 100 եկեղեցիների և վանքերի դռների ցուցադրությունը հոգևոր ուրախություն պարգևեց ներկաներին, այն ասես փոքրիկ ուխտագնացություն լիներ տարբեր տարիքի այցելուների համար:
«Եկեղեցու դուռը խորհրդավոր նշանակություն ունի: Քրիստոս ինքն իրեն համեմատում է եկեղեցու դռան հետ, ասելով, ով ինձանով ներս կմտնի, նա ճարակ կգտնի» – իր խոսքում նշեց նախաձեռնության իրականացման մասնակից Շմավոն քահանան: Ցուցադրվող շատ ու շատ նմուշներ, հատկապես Արևմտյան Հայաստանում լուսանկարված, դժվար կլիներ տեսնել իրականության մեջ, կարծում էին ցուցահանդեսի մասնակիցները: «Սա, կարծում եմ հայրենաճանաչության ամենամեծ դրսևորումներից է: Փառք ու պատիվ ձեզ, որ նման աշխատանք եք կատարել: Ես կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը սիրով ու հետաքրքրությամբ է դիտում այս աշխատանքները: Եվ մեզանից յուրաքանչյուրը մեծ տպավորությամբ է հեռանալու, իր հետ տանելով հայրենի Էրգրի կարոտը» – իր ելույթում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Ցուցադրության ընթացքում այցելուները էկրանի վրա հնարավորություն ունեցան դիտելու նաև «100 դուռ» նախաձեռնության իրականացման ընթացքի մասին պատմող տեսանյութը:
Գեղարքունիքի մարզպետարան