Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 2-ին Սիրուշ Հովհաննիսյանի գործով հարցաքննվում էին վկաները:
Վկաներից Գեւորգ Կարապետյանը հայտնեց, որ պարզապես մի պահ անցել է ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանի եւ տուժող, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի կողքով եւ տեսել է, թե ինչպես են վիճաբանում. «Ես, սուրճը ձեռքիս, շտաբից դուրս եմ եկել, քայլելով անցել եմ դիմացի մայթ, որ սուրճը խմեմ, այդ ժամանակ լրագրողը, կամ չեմ հիշում ով, մոտեցավ ինձ՝ բա չեք տեսնո՞ւմ ինչ է անում, ինչի՞ չեք միջամտում: Ես, բացարձակ ոչ մի բան չպատասխանելով, անցել եմ մյուս մայթ»:
Նա նշեց, որ լսել է նաեւ, թե ինչպես է Անուշ Մկրտչյանը Սիրուշ Հովհաննիսյանին ասում «մի՛ խանգարի, թո՛ղ աշխատեմ», բայց չի տեսել, թե ինչպես է ամբաստանյալը խանգարում նրան: Իսկ մանրամասները՝ չի հիշում:
Կարդացեք նաև
Մեղադրող Գեւորգյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը: Ամբաստանյալի պաշտպան Աննա Ջուվանովան հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքը հրապարակում են, երբ որ կան հակասություններ, ըստ նրա, տվյալ դեպքում վկան պարզապես չի հիշում: Նա համարում է, որ չհիշելու դեպքում պետք չէ հրապարակել նախաքննական ցուցմունքը եւ առարկեց: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Նախաքննական ցուցմունքում Գեւորգ Կարապետյանը հայտնել էր, թե ամբաստանյալը արգելում էր լրագրողներին մոտենալ վարչական շենքին՝ պնդելով՝ եթե մոտենան, կհարվածի: Գեւորգ Կարապետյանը հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքի համաձայն է եղել:
Աննա Ջուվանովան հայտարարությամբ հանդես եկավ. «Մենք վիճահարույց չենք համարում ցուցմունքը: Սակայն, եւս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ նման կարգ գոյություն չունի, որ վկային հիշեցնեն իր նախաքննական ցուցմունքը: Վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակվում է, եթե դրանց միջեւ լուրջ հակասություններ կան: Այս դեպքում մեղադրողի կողմից պարզապես հիշեցվեց վկայի նախաքննական ցուցմունքը»:
Հարցաքննվեցին նաեւ եւս երկու վկա, որոնք հստակ չէին հիշում տեղի ունեցածը, նրանց դեպքում էլ հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները: Վկաներից երկուսը դատարան չէին ներկայացել, վկաներից մեկը՝ Տիգրան Հարոյանը պատշաճ ծանուցված է եղել, եւ դատավորը որոշեց նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառել:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 20-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ