Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Գերմանիան ապտակեց իր երբեմնի դաշնակից Թուրքիային»

Հունիս 02,2016 18:24

Հայոց Ցեղասպանությունից 101 տարի հետո Գերմանիայի խորհրդարանը բանաձեւ ընդունեց ճանաչման մասին`ընդամենը մեկ «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» քվեարկության արդյունքներով: Այդ բանաձեւն արդեն մի քանի տարի է շրջանառվում էր Բունդեսթագում: Այն, այսպես ասած «միս եւ արյուն» ստացավ այն փուլում, երբ Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերություններում որոշակի կնճիռներ կան: Aravot.am-ի դիտարկումներին` «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյան այս պես պատասխանեց. «Ամեն դեպքում, պետք է հասկանանք, որ այդուհանդերձ որոշման սկզբունքային մասում կա արդարության վերականգնման բաղադրիչ»:

Քաղաքագետը հիշեցնում է, որ անցած տարի`Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին, Գերմանիայի նախագահը հայտարարեց, որ այդ իրադարձությունները ցեղասպանություն էին: Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է, որ Գերմանիայի նախագահը տնտեսական հարցերով, «կոնկրետիկայով» չի զբաղվում. նա Գերմանիայում մեծ հեղինակություն ունեցող դեմք է`քաղաքական, բարոյական, դիվանագիտական դաշտում: «Այնպես որ, անկախ ամեն ինչից, այդ բանաձեւի ընդունման մեջ բարոյական բաղադրիչը կա»,- ասաց մեր զրուցակիցը`հիշեցնելով նաեւ վաղուց ընթացող քննարկումները` Գերմանիայում առկա ցեղասպանության մասին արխիվները ուսումնասիրելու, դրանք բացելու մասին:

Միաժամանակ, քաղաքագետը չի բացառում այս ամենում Գերմանիայի կոնկրետ քաղաքական շահի առկայությունը. «Էրդողանի վերջին ժամանակվա քաղաքականությունը մեծ դեր խաղաց վերջնական որոշման կայացման վրա`փախստականների, մարդու իրավունքների, երկրի ներսում`քրդերի, Սիրիայում, այլ հարեւանների հետ եւ այլն: Պատկերացնո՞ւմ եք, թուրքերն անգամ Բունդեսթագի պատգամավորներին էին զանգում եւ ահաբեկում`եթե ընդունեք այսպես կանենք, այնպես կանենք… պարզ է, որ Գերմանիայի նման հզոր երկրի պատգամավորները դրանից չէին վախենա եւ ամենը հակառակ ռեակցիան տվեց»:

Հարցին`եթե դուրս գանք նրանից, որ հայկական հարցն, ամեն դեպքում Թուրքիայի գլխին իբրեւ մահակ օգտագործվեց, ի՞նչ կարող է Հայաստանին եւ հայերին տալ այս ճանաչումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն, որ Գերմանիան է ճանաչողը, դա խոսում է այն մասին, որ մեծ ազդեցություն կունենա եւ Եվրոպայի մի շարք երկրներ միանշանակ կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Գերմանիան ազդեցիկ երկիր է, բայց այս դեպքում կարեւորն այն է, որ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն է եղել: Ակնհայտ է, որ սա Թուրքիայի դեմ ուղղված մեծ հոգեբանական հարված էր: Եվ սա աշխարհի կողմից կգնահատվի, քանի որ Գերմանիան աշխարհի առաջատար, քաղաքական եւ տնտեսական առումներով ազդեցիկ պետություն է: Այս ամենն իր էֆեկտը կտա: Բայց այս ապտակը նաեւ նշանակում է, որ մեր տարածաշրջանում էլ վերադասավորումներ կլինեն: Դա ազդանշան է Թուրքիայի համար, որ սխալ ճանապարհով է գնում, Էրդողանը սխալ քաղաքականություն է վարում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930