Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Մանուկյան. «Գերմանիայի ճանաչումը ցուցիչ է»

Հունիս 02,2016 17:42

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, ընդ որում՝ «դեմ» քվեարկեց մեկ պատգամավոր, եւս մեկն էլ՝ «ձեռնպահ»:

«101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձեւը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ ու Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցական դաշինքը, նաեւ Կանաչների կուսակցությունը:

Suren Manukyan

Սուրեն Մանուկյան

Aravot.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արեւելագետ Սուրեն Մանուկյանը գնահատելով իրադարձությունը՝ անչափ կարեւորեց Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, ի տարբերություն մյուս երկրների, Գերմանիան հանդես է գալիս որպես մասնակից եւ այսպես ասած՝ շահագրգիռ կողմ, քանի որ Առաջին աշխարհամարտում եղել է Թուրքիայի դաշնակիցը:

«Անցյալ տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչեց Ավստրիան, ու հիմա էլ Գերմանիան: Ստացվում է, որ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի երկու դաշնակիցներն ընդունում են, որ այն, ինչ կատարվեց հայերի հետ, այլ բան չէր, քան Ցեղասպանություն: Եվ այդ առումով Թուրքիային մանեւրելու կամ թեման վերաշարադրելու, այլ կերպ ներկայացնելու շատ տարբերակները (պատմաբանների հանձնաժողով եւ այլն) անհետանում են: Պարզ է դառնում, որ հենց երկու գլխավոր դաշնակցի անգործության պատճառով էր ցեղասպանություն իրականացվել, ու հիմա նրանք ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Սա կարեւոր է նաեւ Թուրքիայում քննարկում բարձրացնելու առումով, բացի այդ, Գերմանիայի կողմից ճանաչումը իրազեկության նոր ալիք կբարձրացնի, համաշխարհային մամուլը կգրի այդ մասին, համաշխարհային միտքը կանդրադառնա»,- նշում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:

Նրա համոզմամբ, հնարավոր է՝ սա ազդակ լինի Եվրոպայի համար ու ճանաչումը հեշտանա ավելի փոքր պետությունների դեպքում: «Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ Թուրքիայի հետ ամուր կապերով ամրապնդված պետությունը կարող է այդ քայլին դիմել՝ անսալով բոլոր բողոքներին, նախազգուշացումներին, թե քայլը կարող է վտանգել Թուրքիայի հետ հարաբերությունները, սա կարող է լինել ցուցիչ, որ եթե Գերմանիան ճանաչում է, ուրեմն մյուս պետությունների համար քաղաքական հետեւանքները հաստատ ավելի քիչ կլինեն»:

Հավելենք, որ բանաձեւում նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինն այդ պատմական իրադարձությունների համար, նաեւ 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930