Նոր սերնդի հսկիչ-դրամարկղերի սպասարկման ծառայությունների վճարը 3600 դրամից կնվազի` դառնալով 1200 դրամ: Այսօր այս մասին կառավարությունում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Ըստ նրա, սպասարկման ծառայությունների գների նվազմամբ, կնվազի նաեւ բիզնեսի ծախսերը. «Բոլոր այն դեպքերում, երբ փոքր ու միջին ձեռնակատիրության սուբյեկտները, որոնք ունեն մինչեւ 115 միլիոն շրջանառություն եւ գործունեություն են իրականացնում հանրապետության գյուղերում, նրանց համար սպասարկման այդ վճարն ավելի կիջնի՝ դառնալով 900 դրամ: Այսինքն` 4 անգամ ավելի պակաս»:
Ինչ վերաբերում է հանրապետության սահմանամերձ շրջաններում գործող տնտեսվարող սուբյեկտներին, որոնք կունենան նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներ, ապա նրանց սպասարկումը կիրականացվի անվճար:
Խոշոր հարկատուների համար ՀԴՄ սպասարկման գումարները կմնան նույնը:
Մանրամասները՝տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե բյուջեն կատարելու համար գործարարներին ստիպում են, որ գերավճարներ անեն, պարոն Միրումյանն ասաց, որ նման բան չի կարող լինել:
Aravot.am-ի այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու ենք մի շարք գործարարների մոտ տեսնում գերավճարներ, այն դեպքում, երբ այսօր փողի դեֆիցիտ կա, Վախթանգ Միրումյանն ասաց` ես դրա անունը գերավճար չէի դնի. «Կա օրենսդրությամբ սահմանված մի շարք դրույթներ, որոնց մասով տնտեսվարող սուբյեկտները կանխավճարային վճարումներ են անում: Օրինակ՝ ունենք շահութահարկ հարկատեսակը, որը վճարվում է տարեկան կտրվածքով, այսինքն` տնտեսվարող սուբյեկտները չեն սպասում մինչեւ տարին լրանա, հետո վճարեն շահութահարկը, քանի որ օրենսդրությունը նախատեսում է, որ յուրաքանչյուր եռամսյակ պետք է կատարվեն կանխավճարներ նախորդ տարվա փաստացի շահութահարկի 18,75 տոկոսի չափով: Այդ կանխավճարն ակնհայտ է, որ գերավճար չի կարող համարվել, որովհետեւ դա օրենսդրությամբ նախատեսված պարտավորություն է»:
Վախթանգ Միրումյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում
Այն հարցին էլ, թե հսկիչ գները գործարարների համար չարիք են դարձել, պարոն Միրումյանն ասաց, որ գործարքների մեծ մասում ընդունվել է գործարարի հայտարարագրած մաքսային արժեքը: Պարոն Միրումյանը չէր կարծում, որ հսկիչ գները չարիք են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ