«Հասկանալի է, որ Ադրբեջանում «Ֆորմուլա»-ին են պատրաստվում, տեսնենք` հետո ինչ կլինի: Ամեն ինչ կախված է նավթի գներից եւ գների դինամիկայից: Սահմանին համեմատաբար հանգիստ իրավիճակը միայն «Ֆորմուլա»-ի հետ չէ կապված: Ապրիլին կատարվածը չէր կարող նույն ակտիվությամբ շարունակվել: Իհարկե, «Ֆորմուլա»-ն էլ է դեր խաղում, բայց դա չի նշանակում, որ դրա ավարտից անմիջապես հետ սրացում կլինի: Մինսկի խմբի համանախագահներն էլ հերթական անգամ փորձում են հանդիպեցնել ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահներին: Մեծ է հավանականությունը, որ նախագահների հանդիպումը հունիսին կկայանա»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հունիսի 2-ին «Տեսակետ» մամուլի ակումբում նա կարծիք հայտնեց, որ ներկայումս փորձ է արվում վստահության մեխանիզմների ներդրման հարցում, սակայն Ադրբեջանը լուրջ դիմադրություն կցուցաբերի: Քաղաքագետի դիտարկմամբ` Արցախի` բանակցային սեղանի շուրջը վերադառնալու հնարավորություններ չկան. «Այնուամենայնիվ, հայկական կողմը կմասնակցի բանակցություններին, որոնք անվտանգության ձեւաչափ են համարվում»:
ՀՀ-Ռուսաստան հարաբերությունների շուրջ Իսկանդարյանը նշեց, որ ՀՀ-ն ակտիվ քննարկում է Ռուսաստանի հետ ռազմական մատակարարման հարցերը. «Որքանով է դա լավ կամ վատ ընթանում, մենք չենք կարող իմանալ, բայց գործընթացն ակտիվ է»:
Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, բանախոսը նշեց, որ որոշ քաղաքական ուժեր վերադասավորվում են եւ փորձում միավորվել, եւ այդ գործընթացը ակտիվանա աշնանը:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի առնչությամբ էլ քաղաքագետը նկատեց. «Բաբայանն, անկասկած, քաղաքական անձնավորություն է եւ զգում է քաղաքական իրականությունը: Թե ինչ ճակատագիր կունենա նա եւ ինչ քաղաքական խմբերում կներգրավվի, պարզ կլինի աշնանը: Ինչ վերաբերում է նրա շուրջ քննադատությանը, դա նորմալ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ