Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 2-ին շարունակվում էր Սիրուշ Հովհաննիսյանի գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով տուժող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը եւ օպերատոր Գարիկ Ազիբեկյանը: Անուշ Մկրտչյանը դատարանին հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը: Նա նշեց, որ ահազանգ են ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի «Այո»-ի շտաբում կուտակումներ կան, եւ ինքը իր մասնագիտական պարտականություններն է կատարել այդ տարածքում:
Անուշ Մկրտչյանը ընդգծեց, որ այդ հատվածում երկու «Այո»-ի շտաբ է եղել, եւ ինքը երկուսի մոտ էլ աշխատել է, սակայն իրեն չի հաջողվել ներս մտնել: Նա ասաց, որ 30-40 րոպե անց հայտնվել է գործով ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանը եւ անընդհատ կրկնել է, որ չնկարեն, սկզբում փորձել են չարձագանքել:
Այնուհետեւ, ըստ ցուցմունքի, ամբաստանյալը կոչ է արել ներկաներին լրագրողի հարցերին չպատասխանել, իսկ հետո ավելի կոպիտ վարք է դրսեւորել՝ պահանջել է, որ լրագրողները հեռանան եւ նույնիսկ փորձել է հեռացնել նրանց, հարվածել եւ թքել է, խոչընդոտել է իրենց աշխատանքը, ինչից հետո հեռացել են:
Կարդացեք նաև
Անուշ Մկրտչյանը նաեւ հայտնեց, որ դիմել է «Այո»-ի շտաբի մոտ կանգնած տղամարդկանց, որպեսզի իրավիճակը հարթվի, սակայն վերջիններս չեն արձագանքել:
Իսկ Գարիկ Ազիբեկյանը ասաց, որ նախ մոտեցել է առաջին շտաբին եւ հասցրել է այնտեղ արձանագրել կուտակումները: Ըստ նրա, այդ օրն առաջին անգամ ամբաստանյալին տեսել է Կոմիտաս փողոցից մոտենալիս, արձանագրել է, որ ցանկանում է մտնել շտաբ, սակայն նրան չեն թողել, 5 րոպե անց եւս մեկ անգամ է փորձել, կրկին ներս չեն թողել, ինչից հետո մոտեցել է իրեն:
Տուժողի խոսքերով՝ ինքը, ցանկանալով խուսափել որեւէ միջադեպից, շարժվել է դեպի մյուս շտաբը, սակայն, ամբաստանյալը հետեւել է իրեն եւ խոչընդոտել է իրենց աշխատանքը անընդհատ կրկնելով՝ մի՛ նկարեք, շանտաժ եք անում:
Նա շեշտեց, որ իրենք իրենց աշխատանքն ամբողջությամբ չեն կատարել. գնացել էին, որպեսզի նկարահանեն կուտակումները, սակայն նկարահանել են այդ միջադեպը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ