Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն առաջին մեկնաբանություններն է արել Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված օրինագծի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է թուրքական Sondakika լրատվականը։
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծից՝ Յըլդըրըմն ասել է. «Թուրքիայի համար կարևոր դաշնակից Գերմանիան ընդունեց հայկական լոբբիի վճիռը։ Այդ վճիռը սխալ վճիռ է։ Թուրք ժողովրդի անցյալը հայտնի է։ Մեր ժողովուրդն իր անցյալով հպարտացող ժողովուրդ է։ Մեր անցյալում ամոթալի դեպքեր չկան»։
Շարունակելով իր միտքը՝ Յըլդըրըմն ավելացրել է. «Մի հարց, որի շուրջ համաձայնության չեն եկել նույնիսկ պատմաբանները, Թուրքիան չի կարող ընդունել դրա վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի կայացրած վճիռը։ Ցուցումներ տալու նպատակով հետ է կանչվել Գերմանիայում Թուրքիայի դեսպանը։ Օրինագծի բովանդակությունը տեսնելուց հետո 1 վայրկյան նույնիսկ չենք վարանելու պատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Մենք միայն Ալլահի առջև կխոնարհվենք»։