Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի ՀՀ-ի պահանջները չեն բավարարվել, Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի ռիսկը նվազ չէ». Ստյոպա Սաֆարյան

Հունիս 02,2016 17:05

«Վիեննայից հետո թվում էր, թե որոշակիություններ են մտել գործընթացում, բայց տեսանք, որ Ադրբեջանը փորձում է հերթական անգամ իրեն ցանկալի կերպով մեկնաբանել հանդիպման բովանդակությունը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները. փորձ արվեց հրաժարվել ստանձնած պարտավորություններից, մասնավորապես` հետաքննության մեխանիզմների ներդրման եւ մոնիթորինգի անցկացման հարցերում»,-այսպես է մեկնաբանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների` Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Հունիսի 2-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում նա կարծիք հայտնեց, որ բանակցությունների վերսկսման մասին վաղ է խոսել. «Կարծում եմ` ՀՀ-ն մի քանի պատճառով չպետք է շտապի, քանի որ իր պահանջներից գլխավորը, այն է` ապրիլյան պատերազմին հստակ գնահատականներ տալը, չբավարարվեց: Խնայեցին Ադրբեջանին` նրան բանակցային սեղանի շուրջ հրավիրելու համար: Հիմա այս խնդիրը լուծված չէ: Մեկ ամիս է անցել Վիեննայի հանդիպումից, բայց հետաքննության մեխանիզմների եւ մոնիթորինգի առումով որոշումները մնացել են թղթի վրա: Բացի այդ, բանակցություններում ԼՂՀ մասնակցության հարցը որոշված չէ: Քանի դեռ այս խնդիրները լուծված չեն, ՀՀ-ն իր հանդիպումները չպետք է անվանի «բանակցություններ»:

Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, քանի դեռ նշյալ հարցերը լուծված չեն, վաղ է խոսել այն մասին, որ Ադրբեջանի կողմից հերթական ռազմական ագրեսիայի ռիսկերը նվազեցված են. «Նման վստահություն որեւէ մեկը չի կարող ունենալ, քանի դեռ Ադրբեջանը դրված չէ հստակ շրջանակների մեջ»:

Բանախոսը գոհացուցիչ որակեց ՊՆ մի շարք պաշտոնյաների ձերբակալությունները. «Սա նախադեպ է` պետական համակարգը գողերից եւ ավազակներից մաքրելու առումով: Եթե ուզում ենք վերին աստիճանի պատրաստված լինել ցանկացած զարգացման, պետք է տրվի պատասխան այն հարցին, թե ինչու նախորդ տարի ՊՆ փոխնախարարի եւ նախագահի մակարդակով հայտարարվեց անվտանգության գոտին ընդլայնելու, Ադրբեջանին «կանոնավոր ծեծի» ենթարկելու, պաշտպանական դոկտրինան փոփոխելու մասին: Իսկ ապրիլին հանկարծ հայտարարեցին, որ իրենց համար անակնկալ է եղել Ադրբեջանի հարձակումը: Հարց` ո՞վ է ստում»:

Սաֆարյանը չթերագնահատեց Ադրբեջանում անցկացվելիք «Ֆորմուլա 1» մրցարշավի նշանակությունը, բայց ասաց, որ ռազմական գործողությունների վերսկսումը դրա առաջիկա ավարտով պայմանավորելը միանշանակ չէ. «Այլ գործոններ կան եւ ավելի ազդեցիկ: Ադրբեջանի համար այս պահին շատ ավելի կարեւոր են միջազգային եւ տարածաշրջանային գործոնները: Առավել որոշիչ են Ուկրաինայի շուրջ զարգացումները, ՌԴ-Արեւմուտք զարգացումները»:

Անդրադառնալով ներքաղաքական կյանքին` Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` նոր կուսակցությունների կայացման մասին խոսելը վաղ է. «Որեւէ քաղաքական ուժ կայացած չէ, անգամ` ՀՀԿ-ն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930