Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դա պատերազմ չէի անվանի». Ալեքսանդր Իսկանդարյանը` ապրիլյան դեպքերի մասին

Հունիս 02,2016 16:26

Aravot.am-ն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին հարցրեց, թե իր դիտարկմամբ` ինչո՞ւ Սերժ Սարգսյանն Աստանայում եւ Սամվել Բաբայանը` վերջին հարցազրույցում ապրիլյան դեպքերը բնորոշելիս պատերազմի փոխարեն ասում են «էսկալացիա» եւ «դիվերսիա»:

«Ես նույնպես «էսկալացիա» եմ անվանում, այնպիսի էսկալացիա, որը մինչ այդ տեղի չէր ունեցել: Նրանք երկուսն էլ մասնագետներ են: Իսկապես, դա պատերազմ չէր, պատերազմներն այլ կերպ են լինում»,- նկատեց Իսկանդարյանը:

Հարցին` արդյոք «դիվերսիա» որակումն Ադրբեջանին հնարավորություն չի՞ տալիս խուսափելու ռազմական հանցագործությունների պատասխանատվությունից, Իսկանդարյանն այսպես արձագանքեց. «Հարցը պատիժը չէ, այլ ղարաբաղյան հակամարտության կողմերի փոխազդեցությունը»:

Իսկանդարյանի խոսքով` պատերազմ էին 90-ականների դեպքերը, երբ ռմբակոծվեց Ստեփանակերտը, երբ տասնյակ հազարավոր զոհեր եւ տանկային գրոհներ գրանցվեցին. «Դա պատերազմ էր, իսկ ապրիլին կիրառվեցին ռազմական միջոցներ, բայց իսկական պատերազմ անվանել դժվար է, դա լուրջ էսկալացիա էր»:

Մեր հիշեցմանը, թե ինչ զինատեսակներ է կիրառել հակառակորդը, պարոն Իսկանդարյանն ի պատասխան ասաց. «Պատերազմական միջոցները եւ պատերազմը տարբեր բաներ են: Պատերազմն այն դեպքն է, որը կրում է ռազմական նպատակներ, որոնց հասնելու համար կիրառվում են լուրջ ռազմական միջոցներ` ոչ թե ռազմական, այլ քաղաքական նպատակներն հասնելու համար»:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Դրանք տեսակետներ են, որոնք այնքան էլ չեն համապատասխանում իրականության հետ, իսկ իրականության մասին շատ ենք խոսել` սկսած միջազգային փորձագետներից, վերջացրած մեր ղեկավարությամբ»:

Հիշեցնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր «ապրիլյան քառօրյա պատերազմի վերլուծությունը», որում մասնավորապես ասվում է. «Ըստ ադրբեջանական տվյալների` յուրաքանչյուր հատվածում գործի են դրվել են 1-ին էշելոնի մեկական բրիգադի ուժերն ու միջոցները, որոնք ուժեղացված են եղել հատուկ նշանակության ուժերով` ընդհանուր մինչև երկու բրիգադ հատուկ դիվերսիոն խմբերով, լեռնահրաձգային ստորաբաժանումներով, տանկային և հրետանային այլ ուժերով: Յուրաքանչյուր ուղղությամբ նաև կուտակվել էին զգալի տանկային ուժեր…

Չորսօրյա մարտական գործողությունները փաստեցին, որ ադրբեջանական ԶՈՒ-ն, բրիգադային ուժեղացված զորախմբերով, ներառյալ` վերադասի կողմից տրված ուժերն ու միջոցները, հարձակում ձեռնարկելով ըստ էության վաշտային հենակետի վրա` հընթացս չի կարողացել գրավել այն, անգամ դուրս չի եկել վաշտի պաշտպանության հենակետի ամբողջ խորքը: Ադրբեջանական զորախմբերը մարտական գործողությունների երկրորդ օրը կիրառել են օպերատիվ ենթակայության ուժեր: Ծանր հրանետները, մարտական ԱԹՍ-ները և «Սմերչ» համակարգերը անգամ բրիգադի վերադասի ենթակայության ներքո չեն, այսինքն` կիրառվել են երկու-երեք աստիճան բարձր հրամանատարության կողմից տրված ուժեր և միջոցներ»:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ում ներկայացվել էին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակել էր լայնածավալ ռազմական գործողության պլան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930