«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ավիացիայի ոլորտի խնդիրները Հայաստանում. ազգային փոխադրող ունենալը հրամայակա՞ն է» թեմայով քննարկմանը ՀՀ առաջին մասնավոր «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության հիմնադիր, նախկին օդաչու Հակոբ Ճաղարյանը վստահեցրեց, թե մեր երկիրը, որն ունի նման հարևաններ, դատապարտված է ունենալ սեփական ավիափոխադրող:
Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի այն հայտարարություններին, թե «Զվարթնոց» օդանավակայանի գները տարածաշրջանում ամենաէժանն են, պարոն Ճաղարյանն արձագանքեց. «Նախարարը չպիտի դառնա ավիացիոն մենեջեր, նա պիտի հանձնարարություններ տա և դրանք կատարվեն: Արծվիկ Մինասյանի հանձնարարությունը իր տեղակալները վատ են կատարել»:
Հղում կատարելով «IATA»-ի` տարբեր երկրներում չվերթների սակագների գնատախտակին` պարոն Ճաղարյանը նշեց. «Այս փաստաթուղթը ուսումնասիրելով, որտեղ կան Թբիլիսիի և Բաքվի գները, ստացվում է, որ Երևանում 150 ուղևոր փոխադրող ինքնաթիռը վճարում է մոտ 6000 դոլար ավելի թանկ, ինչի պատճառով էլ ժողովուրդը գնում Թբիլիսիից է թռչում»:
Պարոն Ճաղարյանի համոզմամբ` պետական հովանավորչություն է պետք այս ոլորտում, ինչը չտեսանք «Էյր Արմենիայի» պարագայում, «որի հետ ստոր կերպով վարվեցին. դրսից եկող ընկերությունները, ունենալով ավելի ընդունելի պայմաններ, կոպիտ դեմփինգով այդ ընկերությանը դուրս մղեցին շուկայից»:
Կարդացեք նաև
Բաց երկնքի քաղաքականությունը Հակոբ Ճաղարյանի համար ընդունելի է, սակայն ըստ նրա` «փակ աչքերով բաց երկինք» պետք չէ գնալ:
ՀՀ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանի վստահեցմամբ` բոլոր այս խնդիրները բխում են նրանից, որ ՀՀ-ն չունի լավ մշակված ու կատարելագործված իրավական դաշտ ավիացիայի զարգացման համար: Նա նշեց, որ Ավիացիայի մասին օրենքը մի քանի անգամ լրացվել է, սակայն, անգամ վերջին տարբերակում չկա այն դրույթը, որ պետությունը պատասխանատու է ավիացիայի զարգացման համար:
Նշենք նաև, որ մտահոգություններ կան, թե ներկայացվածը ՌԴ-ի համանուն օրենքի թարգմանությունն է, այն էլ առանց համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին:
Դառնալով «Արմավիայի» փլուզմանը` պարոն Աթբաշյանը հայտարարեց, թե այդ ընկերության փլուզման միակ մեղքը Միխայիլ Բաղդասարովինը չէր. «Այդ ընկերությունն աշխատում էր անարդյունավետ. նավթի ծախսը՝ մեկ տոննա կիլոմետրի համար, երկու անգամ գերազանցում էր սահմանված չափանիշներին: Մեղավոր էր նաև մեր ավիացիայի վարչությունը: Ինքնաթիռները թռչում էին գերբեռնված, թռիչքների անվտանգությունը հարցականի տակ էր»:
Հարցին` Ստեփանակերտի օդանավակայանը պատրա՞ստ է չվերթների իրականացման, պարոն Աթբաշյանը պատասխանեց. «Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ է, մի քանի օրվա մեջ կարող է սկսել գործել»:
Հարցին` հնարավոր չէ՞ր այդ օդանավակայանն այնպես կառուցել , որ պոչային հատվածը չհայտնվեր Ադրբեջանի թիրախում, ավիաինժեներ Գրիգորի Վարդանյանը պատասխանեց. «Երբ ինքնաթիռը թռչում է, երկու րոպե հայտնվում է ադրբեջանական ռադիոլոկացիոն սարքավորումների տեսադաշտում, դրա համար թռիչքի ժամանակ վտանգ կա, բայց վայրէջքի ժամանակ` ոչ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի