«168 ժամ»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, ապրիլյան դեպքերի արդյունքում համախմբում տեղի ունեցավ, Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը հանդիպեցին, խորհրդակցեցին, Առաջին նախագահն այցելեց Ղարաբաղ։ Ի՞նչ կարծիք ունեք՝ այս համախմբման ու Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ կապված։
– Եթե քաղաքական դաշտում կա մի գործիչ, ում հետ ես ներքին երևակայական բանավեճի մեջ եմ, լավ առումով բանավեճի մեջ, դա Տեր-Պետրոսյանն է, և անընդհատ ուզում եմ ես ինքս ինձ ապացուցել, որ այն մոտեցումները, որ ես ցուցաբերում եմ արտաքին ու ներքին քաղաքական դաշտում, իմ այս մոտեցումները ճիշտ և ավելի արդյունավետ էին։ Մնացած բոլոր հարցերում Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ կարողացել է ճկուն, հմուտ որոշումներ կայացնել։
Ես կարծում եմ, որ ՀՀ երեք նախագահներն էլ բանակցային գործընթացում լուրջ փորձառություն ունեն, և այդ փորձառությունից միանշանակ օգտվել է պետք։ Բացարձակ կասկած չունեմ Տեր-Պետրոսյանի հայրենասիրության, հայրենիքին նվիրվածության ու նեղ պահին օգուտ տալու ցանկության նպատակների առումով։ Միանշանակ դրական եմ գնահատում, որ մարդն իր այդ տարիքում, առողջական նման խնդիրներ ունենալով ինքն է նախաձեռնում հանդիպում ու առաջարկություններ անում։ Թե այդ առաջարկություններից ինչ հետևություններ կանեն իշխանությունները, որոշողն իրենք են, և այստեղ հաղթանակի ու պարտության դափնիներն էլ են իրենցը։ Մենք՝ որպես ընդդիմություն, երբ նման խնդիրներ են առաջանում, պետք է կարևորը ոչ կարևորից տարբերենք։
Կարդացեք նաև
«Հանրապետություն» կուսակցության համար, երբ սահմանին կանգնած 18-19 տարեկան զինվորի կյանքին վտանգ է սպառնում, մնացած ամեն ինչ դառնում է երրորդական, չորրորդական, կարելի է անցնել ամեն ինչի վրայով՝ խնդիրը լուծելու համար։ Լ.Տեր-Պետրոսյանը տեսավ լուծման այդ ճանապարհը, որը ես դրական եմ գնահատում։
– ՊՆ-ում գեներալ-գնդապետների ձերբակալություններ են եղել, իշխանություններն էլ կոռուպցիայի դեմ պայքար են հայտարարել։ Սա փոփոխությունների սկի՞զբ է, թե՞ ոչ։
– Ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարը շատ լուրջ ուղղություն է, և այնպես չի, որ կոռուպցիան միայն Հայաստանին է բնորոշ, աշխարհի լուրջ չարիքներից է։ Կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ ծրագրեր և օրինակներ կան։ 99-ին՝ «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո, 4 ամսվա մեջ, երբ եղբայրս՝ Վազգենը, վարչապետ էր, բավականին մեծ խումբ լուրջ աշխատանք է արել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում՝ վերցնելով միջազգային փորձը։ «Հոկտեմբերի 27»-ից հետո փորձեցի առաջ տանել դա, բայց այն ժամանակներն էին, երբ խնդիրը դրան չէր էլ փորձում հասնել, բացարձակ այլ բաներ էին առաջնային։
Այսօր ուղղակի հայտարարությունների մակարդակով փորձում են այդ կարգի խնդիր լուծել։ Բայց ոչ, դա այդպես չի լինում։ 2 ոստիկան, 2 դասախոս, 2 ռազմական գործիչ բռնելով չես կարող։ Ծրագիր է պետք՝ հանրությանը դիմելու, սխալները մատնանշելու և նոր կանոններով խաղ սկսելու ու այդ կանոններով ստուգումներ սկսելու համար։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում