Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների ղեկավարների հայտարարությունը. Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը

Հունիս 02,2016 12:59
lurer

Մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում խոսքի ազատությունն ու մամուլի անկախությունը դառնում են ոչ միայն ժողովրդավարության կարեւոր ատրիբուտներից մեկը, այլեւ հզոր զենք հասարակության ձեռքին։

Մենք՝ թերթերի ու կայքերի ներքոստորագրյալ խմբագիրներս, գիտակցում ենք գրավոր խոսքի ուժն ու դրա հետ կապված պատասխանատվության անհրաժեշտությունը, որն արտաքին քաղաքական մարտահրավերների, պատերազմական իրավիճակի պարագայում առանձնահատուկ կարեւորություն է ստանում, ուստի անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ

– Զանգվածային լրատվության դաշտում պրոֆեսիոնալիզմի, բարեխղճության, պատասխանատվության խնդիրներն այսօր ավելի քան կարեւոր են, եւ մամուլում ծագած լրջագույն խնդիրների լուծման համար խմբագիրների եւ մի խումբ լրագրողների բարի կամքն այլեւս բավարար չէ։ Մի կողմից թերթերը կորցնում են վաճառքից ստացվող եկամտի ավանդական աղբյուրները, մյուս կողմից չեն կարողանում մրցակցել առցանց լրատվամիջոցների հետ, որոնց մի մասը հայտնվել է անվերահսկելի դաշտում, գործում է օրենքներից ու բարոյական նորմերից դուրս եւ անարգել, անվճար օգտվում է թերթերի աշխատանքի արդյունքներից՝ չարաշահելով լրագրողի կարգավիճակը։ Մեծ թվով կայքեր իրենց այցելուների մի հսկայական զանգված ապահովում են թերթերի մամուլի տեսությունների, այլ լրատվամիջոցներից գողացված տեղեկությունների եւ հոդվածների շնորհիվ։ Իսկ գրագողությամբ, շորթմամբ ու քաղաքական ահաբեկչությամբ զբաղված լրագրողներն ու լրատվական հարթակները վարկաբեկում են հասարակությանը ծառայող ԶԼՄ-ներին, վնասում մեր հեղինակությանը։

– Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը: Քանի որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թվականին, ուստի անհնար է դարձել դրա միջոցով կարգավորել օրեցօր զարգացող տեխնոլոգիական հնարավորություններից բխող իրավահարաբերությունները: Արդյունքում այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ ինտերնետային շատ կայքեր հաճախ միայն անվանում ունեն` չունենալով իրավական որեւէ կարգավիճակ: Ասել է թե` թողարկման պատասխանատու չունեցող կայքերը ստեղծվել են կամ արագորեն վերածվում են գործիքի տարբեր անձերի եւ ուժերի ձեռքին՝ նրանց մրցակիցների, երբեմն նաեւ իրենց համար անցանկալի լրատվամիջոցների ու նրանց ղեկավարների դեմ։ Մամուլին բնորոշ կանոններով չաշխատող կայքերը լրատվության հետ կապ չունեն եւ իրենց գործունեությամբ աղտոտում են լրատվական դաշտը:
Ուստի Կոչ ենք անում.

1. Պատկան մարմիններին՝ փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաեւ լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում։ Այլապես նրանք պետք է համարվեն բլոգային դաշտի ներկայացուցիչներ, բայց ոչ լրատվամիջոցներ՝ դրանից բխող հետեւանքներով:

2. Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության եւ գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ։

3. Վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել։ Նաեւ հայտարարում ենք, որ մենք պատրաստվում ենք սկսել դաշտի առողջացման գործնական փուլ, որի ընթացքում այլ քայլեր եւս կիրականացվեն։

1. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան
2. «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
3. Առցանց Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյան
4. «168 ժամ» թերթի եւ 168.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
5. «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
6. «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
7. «Իրատես» թերթի եւ irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան
8. «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյան
9. «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
10. «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան
11. «Չորրորդ իշխանություն» թերթի եւ chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան
12. yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյան
13. panorama.am կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյան
14. A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան
15. «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930