«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը խղճուկ տպավորություն է թողնում եւ վերին աստիճանի խոցելի է»,- կարծում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
«Հավանաբար, Ռոբերտ Քոչարյանը կփորձի 2017թ. ընտրություններին ընդառաջ քաղաքական կապիտալ ստեղծել` հատկապես «քառյակի» տապալումից հետո: Ինչ-որ դիտարկումներ է ներկայացնում, բայց հանրությունը շատ լավ գիտի` ինչ տեղի ունեցավ ապրիլին, ինչ վիճակում է բանակը եւ ուր գնացին բանակի փողերը: Հանրությունը տեսնում է նրանց դղյակները եւ սպասում, թե որքանն է գողացվածից վերադարձվելու բանակին: Այնպես որ, Քոչարյանի դատողությունները նախկինում էլ են հնչել»,-այսօր` հունիսի 2-ին, «Բլից Ինֆո» մամուլի ակումբում ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանը խոսում է կոռուպցիայի մասին, մինչդեռ հենց նրա օրոք կոռուպցիան ծաղկել է, բյուրեղացել որպես կատարյալ համակարգ. «Այնպես որ, չեմ կարծում, որ նա մեծ հաջողություններ կունենա, պարզապես Սամվել Բաբայանի հարցազրույցից հետո պահն օգտագործեց եւ որոշեց, որ ինքն էլ պետք է բեմ բարձրանա: Ռազմարդյունաբերական համալիրը վաճառել է Քոչարյանը, մինչդեռ պնդում է, թե իր ժամանակ այսպես կամ այնպես է եղել: Էլ ինչո՞ւ է զարմանում, որ մենք անօդաչուներ չենք արտադրում»:
Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ լրագրողը, վկայակոչելով ապրիլյան պատերազմից հետո Ռոբերտ Քոչարյանի լռությունը, հարցնում է, թե ինչո՞ւ ՀՀ երկրորդ նախագահն Արցախ այցելեց պատերազմից մեկ ամիս անց: Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Սաֆարյանն այսպես է բնութագրում. «Ասաց նույնը, ինչ հոկտեմբերի 27-ից հետո` «թրաշված չէի», այսինքն` դա անլուրջ պատասխան է, եթե նա այդպես է սքողում իր արարքը…»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ