Միջազգային Henley & Partners ընկերությունը պրոֆեսոր Դմիտրի Կոչենովի հետ միասին կատարած ուսումնասիրությունների արդյունքում փորձել է պարզել, թե որն է աշխարհի «ամենաարժեքավոր» քաղաքացիությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»։
Ուսումնասիրությունների շրջանակներում հետազոտություն է կատարվել 180 մարդկանց հաշվով, որոնք բոլորն ունեցել են տարբեր երկրների քաղաքացիություն։ Ուսումնասիրության հեղինակներն, արդյունքները կազմելիս, հաշվի են առել մի շարք հանգամանքներ, որոնք պայմանավորված են մարդու քաղաքացիության հետ և ազդում են կյանքի տարբեր ոլորտներին։
Կատարված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ «ամենաարժեքավորը» համարվում է Գերմանիայի քաղաքացիությունը։ Ընդ որում, Գերմանիան այս ցուցանիշով առաջինն է վերջին 5 տարիների ընթացքում։ Լավագույն հնգյակում Գերմանիայից բացի ընդգրկվել են Դանիան, Ֆինլանդիա, Նորվեգիան և Շվեդիան։ Լավագույն տասնյակը եզրափակում է Շվեյցարիան։ ԱՄՆ-ն հայտնվել է 29-րդ հորիզոնականում։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև հետխորհրդային երկրների քաղաքացիությունների «արժեքը» ։ Ըստ այդմ՝ նախկին ԽՍՀՄ երկրներից առաջին տեղում է Ռուսաստանը, որը երկրների ընդհանուր ցուցակում հայտնվել է 60-րդ հորիզոնականում։ Ուշագրավ է, որ նույն ցուցակում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է 110-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը՝ 107-րդն է։ Համեմատության համար նշենք, որ 2011թ. նույն ցուցանիշներով Հայաստանը զբաղեցնում էր 96-րդ հորիզոնականը։