Հարցազրույց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ
– Վերլուծե՞լ եք՝ ինչն է պատճառը, որ տարածքներ ենք կորցրել, եթե կորցրել ենք, ուրեմն ամեն ինչ չէ, որ նորմալ է եղել, համապատասխան քննություն իրականացրե՞լ եք, թե ինչը նորմալ չի եղել եւ հանգեցրել է տարածքների կորստի։
– Ես մի քանի անգամ ասել եմ եւ նորից եմ կրկնում, տարածքների կորուստ տերմինն արդեն իսկ զինվորականի համար անընդունելի է։ Մարդիկ պետք է ի վերջո ընկալեն, որ զինվորականի, բանակի, ստորաբաժանման համար, ովքեր որ կանգնած են այդ խնդիրը կատարելու առաջ, չկա տարածքի կորուստ հասկացություն։ Նրանց համար գոյություն ունեն ժամանակավոր մանեւրներ։
– Հիմա վերլուծե՞լ եք, թե ինչու այս ժամանակավոր մանեւրների ժամանակ մենք նահանջեցինք։
– Իհարկե։ Ամեն ինչ է վերլուծվում բանակում, ձեռքբերումները, տվյալ պահի անհաջողությունները։ Սա մշտական մտքի կռիվ է, ամեն րոպեանոց։
– Պարոն Հովհաննիսյան, ապրիլի վերջից նախարարությունում պաշտոնանկություններ, ձերբակալություններ են տեղի ունենում։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ դրանք կապ ունեն կատարվածի վերլուծության հետ, այսինքն աշխատանքից հեռացվում, ձերբակալվում են այն պաշտոնյաները,
որոնց թերացումները հանգեցրել են «ժամանակավոր մանեւրների
ընթացքում մեր նահանջին», թե՞ նրանք պարզապես քավության նոխազներ են ավելի կարեւոր պատասխանատուների մեղավորությունը թաքցնելու համար։
– Ես չէի ուզենա, որ ամենը կապենք ուղիղ այս իրավիճակի հետ։ Չէի ուզենա խոսեինք նման բաներից։ Հա, իհարկե, հեշտ է նստել համակարգչի առաջ, մի վայրկյանում ամեն ինչ կապել իրար հետ, «հանճարեղ» վերլուծություն գրել ու ասել՝ այ բանակում ամեն ինչ այնքան վատ է, որ աջուձախ գեներալներ են հանում աշխատանքից։ Այդպես չէ։
Ամիսներ առաջ չկար որեւէ տեսակի ստուգում, սակայն պաշտպանության նախարարությունը իր ներքին ստուգումների, վերահսկողությունների մեխանիզմների միջոցով նույն ռիսկային գոտու պաշտոնյաներին՝ կադրերի կառավարում, գնումների ոլորտ, ֆինանսական ոլորտ…. այստեղ միշտ էլ ռիսկեր եղել են եւ միշտ այդ ոլորտից պաշտոնանկություններ են եղել։ Շուրջ տասը տարի այս գործը շարունակվում է տարեցտարի խստանալով։
Հիմա ոչ ոք չի ուզում այս ամեն ինչը կապել նրա հետ, որ 3-4 տարի առաջ պաշտպանության նախարարը կամ գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս ասել են, որ խստացվելու է, խստացվելու է, խստացվելու է։ Չենք կապում նրա հետ, որ սա պլանային բարեփոխումների ընթացք է։ Բայց անպայման ուզում ենք կապել կոնկրետ իրավիճակի հետ։
– Ես չեմ ուզում կապել կոնկրետ իրավիճակի հետ։ Ես ձեզ հարցնում եմ՝ կապ ունի՞ թե ոչ։
– Ես սխալ եմ համարում որեւէ բան զիջելը, կորուստը կամ առավել եւս՝ մարդկային զոհերը շահարկել եւ կապել կոնկրետ մարդկանց թերացումների հետ։ Պատերազմները, ցավոք այդպիսին են, պատերազմների ժամանակ, ցավոք, զոհեր են լինում, եւ միշտ կարելի է գտնել 1, 2 կամ 10 հրամանատարի ու ասել՝ եթե այսպես չանեիք, այսպես չէր լինի։ Չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհ է:
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում