2016թ. մայիսի 29-ին Գերմանիայի թուրքական համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել Բեռլինում։ Դրանից մի քանի օր անց՝ 2016թ. հունիսի 1-ին, նորից Բեռլինում կազմակերպվել է բողոքի ևս մեկ հանրահավաք։ Այս մասին գրում է թուրքական Sozcu.com-ը։
Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ ևս Գերմանիայում բնակվող թուրքերի բողոքի պատճառն այդ երկրի խորհրդարանում հայտնված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծն է, որը քննարկվելու է մի քանի ժամից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բեռլինում կայացած բողոքի հանրահավաքը կազմակերպել են Գերմանիայում գործունեություն ծավալող թուրքական մի շարք ընկերություններ։ Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 10.000 գերմանաբնակ թուրք։
Կարդացեք նաև
Գերմանիայում ապրող թուրքերը ավտոբուսներով, ինքնաթիռներով և տրանսպորտային այլ միջոցներով եկել էին մայրաքաղաք Բեռլին՝ Բունդեսթագի շենքի դիմաց, որտեղ էլ տեղի է ունեցել բողոքի հանրահավաքը։ Ուշագրավ է, որ այդ առիթով Թուրքիայից Գերմանիա են ժամանել թուրք հայտնի երգիչներ, որոնք ելույթ են ունեցել կազմակերպված հանրահավաքի ժամանակ։
Բողոքի ակցիան տևել է մոտավորապես 3 ժամ և ավարտվել առանց միջադեպերի։