Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի շրջանակում՝ ս. թ. մայիսի 26-ին, Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում տեղի է ունեցել «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությունը:
Տաղավարը կենտրոնացել է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։
Ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր հետազոտող խմբեր կմեկնաբանեն հայկական կենսապատկերի բաղադրիչները։
Ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ հանձին Վարդան Կարապետյանի, իսկ համադրողը՝ ճարտարապետ և քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի աջակցությամբ, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Ուրբանլաբ Երևան» կազմակերպության համագործակցությամբ:
Ս. թ. մայիսի 26-ից մինչև օրս հայաստանյան տաղավարն ունեցել է շուրջ 300 այցելու՝ Մխիթարյան Միաբանության Աբբահայր՝ Գերաշնորհ Հ. Եղիա Ծ. Վրդ. Քիլաղպեանը, Արվեստի վենետիկյան 56-րդ բիենալեի Հայաստանի տաղավարի համադրող Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Կյուբերյանը, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի գլխավոր քարտուղար Մինաս Լուրյանը, Բրյուսելի «Բոզար» արվեստի կենտրոնի գլխավոր տնօրեն Պոլ Դուժաղդան, հայ և օտարազգի մի շարք բարձրաստիճան հյուրեր:
Թեմատիկ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները կվերբեռնվեն կայքերում, ինչն էլ անմիջապես կարտացոլվի վենետիկյան տաղավարի էկրաններին՝ կարևորելով հընթացս կատարվող աշխատանքներն ու գործընթացը, ինչպես նաև վերջնական արդյունքները:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն