Մոնոպոլիաների դեմ պայքարը հաջողությամբ եւ ամբողջ թափով տապալվում է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Հայաստանում մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների վերացումը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է։
Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը անձամբ կամ միայնակ է ստեղծել այդ մոնոպոլիաները։ Ու այնպես չէ, որ դրանք իրենք իրենց են ստեղծվել։ Ստեղծվել են հստակ ծրագրավորված ու հստակ նպատակներով։ Ստեղծվել են արյան, տառապանքների ու բազմաթիվ մարդկանց ունեզրկման միջոցով։ Դրանց հիմնական մասը ստեղծվել է Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, նրա դաբրոյով, բնականաբար՝ նրա ամենասերտ թիմակից Սերժ Սարգսյանի օգնությամբ եւ մասնակցությամբ։
Ու հիմա այղ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները ժառանգությամբ անցել են Սերժ Սարգսյանի միանձնյա վերահսկողության տակ, հաշվետու են միայն Սերժ Սարգսյանին եւ գոյություն ունեն միայն Սերժ Սարգսյանի հովանավորության շնորհիվ։
Պետք է նաեւ արձանագրել, թե ինչու ստեղծվեցին այդ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները։ Մինչեւ Քոչարյանն էլ, իհարկե, կային շուկաները մոնոպոլիզացնելու միտումներ, սակայն 1999– 2000 թվականներից սկսած տնտեսության օլիգոպոլիզացիայի ընթացքը դարձավ իշխանության հստակ նպատակադրում, ընդունեց կառուցվածքային բնույթ։ Ընդ որում, դա ոչ հրապարակայնորեն հիմնավորվում էր երկրի շահերով։
Հիմնավորումներից ամենակարեւորը «պատերազմի ֆինանսավորումն» էր։ Իբր Հայաստանը փոքր տնտեսություն ունի, չի կարող իր «սպիտակ» բյուջեից ֆինանսավորել բանակի բոլոր կարիքները, այդ պատճառով էլ պետք է ստեղծել «ստվերային» բյուջե, որտեղից միջազգային հանրությունից ծածուկ պետք է ֆինանսավորվի բանակի համար զենքի ու զինամթերքի ձեռքբերումը։ Եթե տնտեսության բոլոր ոլորտներում լինի կատաղի մրցակցություն, ապա այդ ստվերային բյուջեն հնարավոր չի լինի լցնել։ Այդ իսկ պատճառով պետք է որոշակի ոլորտներ մոնոպոլիզացնել։ Արդյունքում կհայտնվեն օլիգարխներ, որոնք իրենց եկամուտներից ու շահույթներից կլցնեն ոչ միայն պետական՝ «սպիտակ» բյուջեն, այլ նաեւ ստվերային բյուջեն, ու մենք կկարողանանք ֆինանսավորել բանակը։
Ու այս սխեման առաջին հայացքից հիմնավոր էր թվում։ Բայց ապրիլյան դեպքերը հիմնահատակ ջախջախեցին այդ միֆը, եւ պարզվեց, որ ստվերային այդ բյուջեի մի չնչին՝ աննշան մասն էր ուղղվում բանակին, մնացածը ծառայեցվում էր բարձրաստիճան պաշտոնյաների անձնական նպատակներին։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում