Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է լրագրողներին, որոնք, օգտվելով հնարավորությունից, Լավրովին անձնական բնույթի հարցեր են ուղղել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Vesti.ru լրատվականը։
Լավրովը չի խուսափել պատասխանել այդ հարցերին։ Մասնավորապես այն հարցին ի պատասխան, թե կուզե՞ր արդյոք դառնալ ՌԴ նախագահ, Լավրովը պատասխանել է. «Այժմ ես գտնվում եմ իմ տեղում»։ Իր պատասխանին ՌԴ ԱԳՆ նախարարը ավելացրել է, որ ինքը երբեք պլաններ չի կազմել և իր կյանքում ամեն ինչ ինքն իրեն է ստացվել։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարը հիշել է, թե ինչպես է զարգացել իր քաղաքական կարիերան. «Անդրեյ Կոզիրյովն (ՌԴ ԱԳ նախարար է եղել 1990-1996թթ.,-խմբ.) ինձ առաջարկեց զբաղեցնել իր տեղակալի պաշտոնը։ Ես ասացի, որ պատրաստ չեմ»։ Լավրովի խոսքերով՝ այդ պատասխանը բարկացրել էր Կոզիրյովին։ Դրանից հետո՝ 1992թ., միևնույն օրը, Սերգեյ Լավրովն ու Վիտալի Չուրկինը նշանակվել են ՌԴ արտաքին գործերի փոխնախարարներ։
Կարդացեք նաև
Այս ամենից բացի, լրագրողները ՌԴ ԱԳ նախարարին հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Լավրովը ծխել ՌԴ ԱԳՆ շենքում, ինչին ի պատասխան Լավրովն ասել է, որ թեպետ ՌԴ-ում օրենքները շատ ավելի խիստ են, քան Եվրոպայում, բայց ինքը չի կարող խախտել դրանք և չի ծխում ՌԴ ԱԳՆ շենքում։ Լավրովն ավելացրել է նաև, որ ինքն աշխատում է քիչ ծխել և հնարավորինս շատ զբաղվել սպորտով՝ մասնավորապես ֆուտբոլ խաղալ։
Լավրովին հարցրել են նաև, թե ո՞ր դարաշրջանում և ո՞ր երկրի արտաքին գերատեսչությունը կուզեր գլխավորել մեկ օրով։ Հարցին ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է հետևյալ կերպ. «Ինչ հետաքրքիր է, մի քանի պետություններ կան, որոնք հիմա պղտորում են մեր ջրերը։ Հենց այդ տեղերում էլ կուզեի հայտնվել մեկ օրով՝ որպեսզի դադարեցնեի այդ այլանդակությունները»։