1978 թվականին «Նովի միր» ամսագրում լույս էր տեսել այն ժամանակվա խորհրդային ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի «Մալայա զեմլյա» հուշագրությունը։ Այդ գործը պատմում է Մեծ հայրենական պատերազմի իսկապես հերոսական մի դրվագի մասին։ Խորհրդային բանակը դեսանտային գործողությամբ կարողացել էր գրավել Նովոռոսիյսկի մոտ գտնվող մի փոքր պլացդարմ եւ 225 օր համառ մարտերով պահել էր այն: Այդ գործողության մեջ ներգրավված էր նաեւ 18-րդ բանակը, որի քաղբաժնի պետն էր գնդապետ Բրեժնեւը` նա իսկապես ակտիվորեն մասնակցում էր մարտական գործողություններին։
Բայց խորհրդային քարոզչությունն այնքան էր, թող ներվի ասել, «ծնգլահան արել» այդ «Մալայա զեմլյայով», որ արհամարհանքից եւ հեգնանքից բացի՝ այդ պատմությունը նորմալ մարդու մոտ որեւէ այլ զգացողություն չէր առաջացնում։
Բրեժնեւի այս եւ մյուս հուշագրությունները հրապարակել էին տասնյակ միլիոնանոց տպաքանակով, եւ հետագայում՝ 80-ականների երկրորդ կեսին, այդ շքեղ հրատարակած գրքերը ստիպված էին որպես թափոն դեն նետել: Բրեժնեւն այդ գրքերի համար ստացել էր գրականության Լենինյան մրցանակ։ Գենսեկին շնորհեցին նաեւ մարշալի կոչում եւ ամենաբարձր՝ «Հաղթանակի» շքանշանը։ Խորհրդային քարոզչությունը փորձում էր մեզ համոզել, որ առանց Բրեժնեւի Խորհրդային Միությունը հաղթանակ չէր տանի Հայրենական պատերազմում։ «Մալայա զեմլյան» մտավ պարտադիր դպրոցական ծրագրի մեջ, դրա հիման վրա նկարահանվում էին ֆիլմեր, գրվում էին երգեր, բեմադրվում էին ներկայացումներ։ Բնական է, որ այդ ամենը դարձել էր նաեւ խոհանոցային անեկդոտների առարկա։
Ինչու եմ ես այդ պատմությունը հիշել: Ինձ թվում է՝ մարդու իրական վաստակը կարելի է ամբողջությամբ, «լիաթոք» գնահատել, եթե՝ ա/ նա ամբողջ կյանքում, պատերազմից հետո էլ է իրեն դրսեւորում որպես պարկեշտ անձնավորություն, եւ բ/ եթե նա առավոտվանից գիշեր չի գոռում իր ծառայությունների մասին` նսեմացնելով ուրիշների ծառայությունները: Մեզ` այն ժամանակվա պատանիներիս համար, շատ դժվար էր զանազանել պատերազմում կռված գնդապետ Բրեժնեւին մարազմի մեջ գտնվող եւ շողոքորթության զոհ դարձած «թանկագին Լեոնիդ Իլյիչից»: Բացի այդ, 78 թվականին ինձ համար միանգամայն հստակ էր «բրեժնեւյան իշխանության» իրականությունը. կային աշխատավարձով ապրող համեստ մարդիկ (իմ ընտանիքի նման) եւ կային «կողմնակի եկամուտներ ունեցողներ», որոնց մի մասը բարձր ամբիոններից խոսում էր «զարգացած սոցիալիզմի» մասին:
Կարդացեք նաև
Այդպես էլ հիմա` եթե նժարների վրա են դրվում պատերազմի հերոսականությունը եւ անարդար իրականությունը, ապա երկրորդը հասարակական ընկալման մեջ վաղ թե ուշ գերակշռում է: Մեր երեխաներն առաջին դասարանից գիտեն, թե ովքեր են Գարեգին Նժդեհը կամ զորավար Անդրանիկը, բայց նրանք ամենեւին էլ վստահ չեն, որ Հայաստանում հնարավոր է հարստանալ առանց խաբելու, «քցելու», առանց զոռբայություն ցուցաբերելու եւ առանց ուրիշի ունեցվածքը խլելու: Հերոսների օրինակները ոգեւորում են մարդկանց` ռազմի դաշտում թշնամու դեմ կռիվ տալու: Կյանքի անարդարությունը ստիպում է քաղաքացիներին մտածել արտագաղթելու մասին: Երկու տարբերակներն էլ կան՝ որպես հնարավորություն: Կարեւոր է, որ առաջինը չխամրի երկրորդի ճնշման տակ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Զորավար Անդրանիկը, չհաշտվելով դաշնակցական կառավարության հետ` 1919 թ. ապրիլին, Զանգեզուրից հասնում է Էջմիածին, ցրում իր զորամասը, ունեցվածքը հանձնում կաթողիկոսին և մեկնում արտասահման։
Ինչու՞:
1918 թ-ին Նախիջևանի Կզնուտցի (Երևանի նահանգ) գավառապետը «հերոսաբար» չազատագրեց իր ծննդավայրը:
Ինչու՞:
Մի քիչ էլ խոսեք հայ հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանի մասին: