Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկոյան նրանք գնում են տուն ու բախվում բոլորովին այլ իրականության

Հունիս 02,2016 08:21

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի անձնակազմը հունիսի 1-ին հյուրանոցի շեֆ խոհարար Ռոլֆ Գրաբերի գլխավորությամբ այցելել էր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաներին՝ նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ռոլֆ Գրաբերը երեխաների համար պատրաստեց համբուրգերներ և աղցաններ:

Orran-4«Արդեն 16 տարի՝ «Օրրան»-ի հիմնադրումից ի վեր, հաճելի ավանդույթ է դարձել Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը, գեղեցիկ նշելը: Ուզում ենք երեխաներին ուրախ օր պարգևել, այնպիսին, որ նրանք միշտ հիշեն: Ինչքան էլ Հայաստանում գուրգուրում ենք մեր երեխաներին, բայց ժամանակները թելադրում ու ստիպում են, որ նրանցից շատերն ապրեն դժվար պայմաններում: Երեխաների պաշտպանության օրը ես կարևորում եմ հատկապես նրանով, որ այն ևս մեկ անգամ ստիպում է մեզ մտածել երեխաների ապագայի մասին: Ի՞նչ անենք, որ մեր երկրում նրանք ավելի լավ ապագա ունենան, ավելի ապահովված, կրթված, առողջ լինեն: Ի՞նչ անենք, որ շատ մեծ դժվարությամբ ծնված մեր հանրապետությունն ուժեղ հայրենիք դառնա, որպեսզի այս երեխաները վախով ու մտահոգությամբ ապրելու փոխարեն այլ երազներով ապրեն ու հավատան դրանց, հավատան, որ իրենք մեծանում են մի երկրում, որտեղ կարող են իրենց երազներն իրականացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը:

Orran-1Նրա փոխանցմամբ՝ «Օրրան»-ն այսօր հարյուր երեխա ունի Երևանում, նույնքան էլ՝ Վանաձորում. «Նրանք այստեղ գալիս են շատ դժվար պայմաններից: Մենք փորձել ենք այս պատերի ներսում նրանց համար ստեղծել մի ընդհանուր օջախ, որտեղ իրենք կկարողանան մոռանալ իրենց տան խնդիրներն ու ինչ-որ չափով գտնել իրենց ուրախությունը: Երեխաների համար իսկապես դժվար է, որովհետև նրանք «Օրրան»-ում ապրում են մի կյանքով՝ ունենալով ապահով պայմաններ, ստանալով սեր, գուրգուրանք, իսկ երեկոյան գնում են տուն ու բախվում մեկ այլ իրականության՝ աղքատություն, թշվառություն, ծնողների բացակայություն և այլն»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:

Orran-3Երեխաներն այստեղ գալիս են վեց տարեկանից և մնում մինչև դպրոցն ավարտելը:

Orran-5Արթուր Սուքիասյանը «Օրրան»-ի առաջին սաներից է եղել: Այսօր նա այնտեղ արդեն հատուկ հյուր էր կնոջ հետ. «Օրրան»-ն իմ հավատարիմ ընկերն է եղել: Այնքան սեր, ջերմություն կա այնտեղ»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուրը և հիշեց՝ ինչպես է եկել «Օրրան». «90-ականների սկզբին Հայաստանում կյանքը միանգամից փոխվեց: Շատ երեխաներ դրսում հայտնվեցին: Կային մուրացկան, ծաղկավաճառ և թափառաշրջիկ երեխաներ: Ծաղկավաճառ երեխաներից մեկն էլ ես էի: Հետո այնպես ստացվեց, որ ծանոթացա տիկին Արմինեի հետ, ու նա որոշեց, որ պիտի գնամ «Օրրան»: Սկզբում չէի ուզում, մտածում էի՝ մանկատուն է, բայց ի վերջո գնացի: Հիշում եմ՝ դա 2000 թվականի աշնան յոթերորդ օրն էր: Երևի չորս տարի մնացի «Օրրան»-ում, հետո մտածեցի, որ արդեն մեծ եմ, պիտի աշխատեմ: Տիկին Արմինեն ինձ տվեց արհեստի, իսկ հետո նաև՝ արվեստի: Վարսավիրություն սովորեցի, այնուհետև Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիա ընդունվեցի: Կարելի է ասել, որ իմ կյանքը շատ լավ դասավորվեց, ես հպարտ եմ դրա համար: Հիմա աշխատում եմ պահածոների գործարանում: Բայց հուսով եմ, որ սեպտեմբերից արդեն Մայր թատրոնում կլինեմ: Թատրոնն իմ տունն է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930