Պարզվում է՝ ամերիկյան խորհրդանիշներից մեկի՝ Կապիտոլիումի գմբեթի վերակառուցումն անցնում է հայերի մասնակցությամբ:
Արմատներով այնթափցի, Հալեպում ծնված, իսկ այժմ Միացյալ Նահանգներում բնակվող Վահե Թանաշյանը American Iron Works – AIW ընկերության փոխնախագահն է, որը մասնակցում է Կապիտոլիումի գմբեթի վերակառուցմանը: Հենց այս ընկերության երկաթե կմախքով է պատված ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը։
«Ես շատ հպարտ եմ, որ մասնակցում ենք Կապիտոլիումի այս աշխատանքներին», – ասում է Թանաշյանը:
American Iron Works – AIW ընկերությունը զբաղվում է երկաթի մշակմամբ եւ երկաթե կառույցների պատրաստմամբ: Այստեղ աշխատող մի քանի հայերն իրենց փայլուն արհեստավարժությամբ ընկերության ղեկավարության հարգանքին են արժանացել:
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով վնասված Պենտագոնի՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի վերականգնման աշխատանքներում նույնպես մասնակցել են հայերը, որի համար ընկերության աշխատակիցները հատուկ շնորհակալագրեր են ստացել ԱՄՆ-ի կառավարությունից:
«Մենք՝ հայերս, միշտ ասում ենք, որ շինարար ենք, որ օգնել ենք այն երկրների բնակչությանը, որտեղ ապրել ենք: Ինչպես շենացրել ենք մեր հայրենիքը, այնպես էլ շենացրել ենք այն երկրները, որտեղ ապրել ենք», – ասում է Վահե Թանաշյանը:
Միացյալ Նահանգների օրինակով, AIW-ն բազմազգ ընկերություն է, որի սեփականատերը հույն է, իսկ աշխատակիցների թվում հայերից բացի կան նաեւ արաբներ, Մեքսիկայից եւ Լատինական Ամերիկայից ներգաղթյալներ: Այստեղ աշխատող Սեւակ Կարապետի խոսքով, բազմաթիվ մշակույթների ձուլումը գործին միայն օգուտ է բերում.
«Միշտ միմյանց հետ բարեկամի պես ենք, կան մեքսիկացիներ, ամերիկացիներ, բայց ամենի հետ լավ ենք, փառք Աստծո, ամենի հետ ընկերանում ենք»:
Ի դեպ, Սեւակի ձեռքի ու մտքի շնորհքով ստեղծված մետաղյա աշխատանքները գտնվում են Վաշինգտոնի բազմաթիվ շքեղ տներում: Ինքն իր արհեստավարժության մասին, սակայն չափազանց զուսպ է պատմում.
«Մեր գործով է, որ մեզ կսիրեն: Փորձում ենք ավելի լավը անել տարուց տարի, միշտ առաջ շարժվել»:
Ընկերության մեկ այլ աշխատակից Ներսես Նազարյանի կարծիքով, հայն ու երկաթն անբաժանելի են.
«Գիտեմ, որ այս երկաթը մեր արյան մեջ կա: Այս գործն իմ արյան մեջ է: Իմ ազգը, եթե երկաթը գետնից, լեռներից հանեց, երկաթ շինեց, ուրեմն, ես շիտակ տեղ ունեմ»:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում