Okean Elzy-ի համերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 1-ին սկսվեց մեկ ժամ ուշացումով:
Խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը համերգը սկսելուց հետո պարզաբանեց, որ պատճառը խցանումներն էին, եւ ի վերջո՝ ստիպված էին եղել ոտքով հասնել:
Ի դեպ, համերգին ներկա էր նաեւ Ջիվան Գասպարյանը: Ավելի վաղ՝ մամուլի ասուլիսում Վակարչուկը նրա մասին ասել էր. «Շատ կցանկանայի նորից համագործակցել Ջիվան Գասպարյանի հետ։ Մենք նրան շատ ենք սիրում և շատ էինք ցանկանում այստեղ հանդիպել նրա հետ։ Բայց ինձ ասացին, որ այժմ Ջիվան Գասպարյանն ԱՄՆ-ում է, հետևաբար՝ չստացվեց»:
Կարդացեք նաև
Մեկ ժամյա սպասումից հետո, առաջին երգի կատարումից հետո Ջիվան Գասպարյանը դուրս եկավ դահլիճից:
ՄՀՀ-ում Սվյատոսլավ Վակարչուկը մի պատմություն պատմեց, թե Փարիզում ծանր հիվանդ մի երեխա կա, որը շատ է սիրում իրենց երգերը, եւ Ֆրանսիայում համերգի ժամանակ չեն կարողացել իր հետ հանդիպել: «Նրա մայրն այստեղ է»,- ասաց նա՝ հավելելով, թե մոր միջոցով զրուցել է այդ երեխայի հետ, որը խոսում է միայն հայերեն ու ֆրանսերեն, հայկական ընտանիքից է։ Երեխայի մայրը Սվյատոսլավ Վակարչուկին մի շարֆ էր նվիրել, որը երեկ փաթաթված էր համերգային բարձրախոսին: Շարֆի վրա անգլերեն գրված էր՝ ձեր երգերն ինձ համար աղոթքի նման են:
Երկրպագուները, որոնց մեջ կային նաեւ ուկրաինական դրոշ պարզածներ՝ շատ ջերմ էին ընդունում Okean Elzy-ի նոր ալբոմի կատարումները: Սակայն ողջ դահլիճն էր ձայնակցում, երբ կատարվում էին խմբի հանրահայտ հիթերը:
Համերգի ավարտից հետո չորս անգամ Okean Elzy-ին ծափերով հետ կանչեցին: