Վստահ է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը
– Տիկին Եսայան, տեղյա՞կ եք՝ ի՞նչ փուլում են գտնվում ապրիլի քառօրյա պատերազմում խոշտանգված զինծառայողների եւ խաղաղ բնակիչների գործերով տարբեր դատական ատյաններին դիմելու գործերը` դրանք իբրեւ պատերազմական հանցագործություններ ճանաչելու համար: Հայտնի է, որ արդեն որոշ դիմումներ են եղել ՄԻԵԴ:
– Ակնհայտ է, որ ապրիլի առաջին օրերին ադրբեջանական բանակի զինվորների ու վարձկանների վայրագությունները ԼՂՀ ՊԲ-ի զինվորների եւ խաղաղ բնակիչների հանդեպ միջազգայնորեն դատապարտելի են եւ հանցագործություններ են միջազգային օրենքներով: Եվ հայաստանյան, եւ արցախյան համապատասխան կառույցները, նաեւ՝ խոշտանգվածների եւ զոհերի հարազատները նյութեր են հավաքում՝ դիմելու համապատասխան դատարաններին: Սա գործընթաց է, որ ունենալու է իր տրամաբանական շարունակությունը։ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը իմ նախաձեռնությամբ օրերս եղավ Արցախում, հանդիպեցինք Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելքոնյանի, նրա աշխատակազմի հետ, համատեղ աշխատանքի ծրագրեր ենք մշակել եւ պիտի այս հարթությունում աշխատենք համախմբված, նաեւ ՀՀ օմբուդսմենի ինստիտուտի հետ։ Ինքներդ եք նշում, որ արդեն կան դիմումներ՝ ուղղված ՄԻԵԴ-ին, վստահ եղեք՝ նոր եւ բազմաթիվ դիմումներ եւս լինելու են, որոնք միանշանակ ընթացք են ստանալու։
– Բավականին շահարկվեց 800 հեկտար կորցրած տարածքի մասին նախագահի հայտարարությունը, քանի որ մինչ այդ 200-300 քառակուսի մետրի մասին էր պաշտոնապես հայտարարվում: Նույնիսկ կարծիքներ հնչեցին, որ ԼՂՀ-ի օտարումը Հայաստանից սկսված է: Հետեւելով միջազգային խաղացողների կրավորական կեցվածքին, պաշտոնական Երեւանի` ի տարբերություն պատերազմական օրերի, հռետորաբանության մեղմացմանը՝ նման մտավախությունները կարծես արդարանում են:
Կարդացեք նաև
– Բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե կարող է լինել ՀՀ-Արցախ օտարում, իրենք են օտար: Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հռետորաբանությունը չի փոխվել, եղել եւ մնում է խիստ, համարժեք, նաեւ՝ օբյեկտիվ: Կարդացեք ՀՀ նախագահի ելույթն Աստանայում ու համեմատեք: Համեմատեք Արցախի նախագահի խոսքը, երբ ընդունում է հյուրերին։ Հեկտարներ, թե կիլոմետրեր՝ թեմա չկա, երբ խոսքը վերաբերում է հողին: Ես չեմ կարծում նաեւ, որ այդ թեման շահարկվում է, պարզապես կան քաղաքական ուժեր ու անձեր, որ փորձում են տզրուկի պես օրվա թեմային կպչել ու իրենց կամ հիշեցնել, կամ հայտնիացնել: Ես եղել եմ Ղարաբաղում, դիրքերում, խոսել եմ զինվորների հետ, որ պահում են մեր երկրի սահմանները, նրանք հող հանձնող չեն: Պատերազմը չի ավարտվել, ավարտվել է մեկ, ընդամենը մեկ ճակատամարտ, որ տեւեց չորս օր, իսկ ճակատամարտը պատերազմի ելք չի որոշում, մի դրվագ է միայն, որտեղ բախտը փոփոխական է, բայց անփոփոխ չէ: Մենք մեր ունեցածը ոչ մեկին չենք պատրաստվում հանձնել, եւ այն, ինչ այսօր մերը չէ, մերն է լինելու:
– Կարծիք կա, որ Հայաստանը Ադրբեջանում անցկացվելիք միջազգային հեղինակավոր ավտոարշավի ընթացքում պետք է առիթն օգտագործի եւ վերականգնի մինչեւ ապրիլի 2-ն ունեցած իր դիրքերը: Ռացիոնալ հատիկ չե՞ք տեսնում դրանում:
– Չեմ կարծում, որ Հայաստանը պարտավոր է եթերում, թերթերում, կայքերում իր ռազմական ու քաղաքական ծրագրերի մասին հաղորդումներ տալ: Մենք, որ գիտենք կռվել պատերազմի դաշտում, մոռանում ենք տեղեկատվական պատերազմի օրենքները: Դուք օրվա, ժամի մասին հայտարարությո՞ւն եք սպասում՝ վստահ լինելով, որ հայկական մամուլը հայերից առաջ ադրբեջանցիներն են կարդում:
– Տիկին Եսայան, մի քիչ տարօրինակ չէ՞, որ այս վտանգավոր իրավիճակում հայաստանյան ընդդիմադիր դաշտը մի տեսակ «քնած» է, ավելի ճիշտ` զբաղված են առաջիկա խորհրդարանական ընտրությունների «մանդատի հարց» լուծելով:
– Ոչինչ էլ տարօրինակ չէ: Ամեն մեկը իր խնդիրն է լուծում, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է սահմանում իր առաջնահերթությունները: Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը «քնած» է կամ ընդհանրապես քնում է: Ավանդույթ է, որ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի համար մոտեցող ընտրությունները միշտ էլ զարթուցիչի կամ ավելի ստույգ՝ արագացուցիչի դեր են ունենում: Իսկ «մանդատի հարցը» լուծողը ոչ ընդդիմությունն է, ոչ իշխանությունը, մանդատների հարցը կլուծի ընտրողը։
– Վիեննայի հանդիպումից հետո միայն իշխանական ուժն է խոսում եւ գովերգում այդ հանդիպումը, Վիեննայի «ձեռքբերումները»: Մի՞թե ամեն ինչ այդքան փայլուն է, որեւէ մտավախության, անհանգստության կարիք չկա՞:
– Իսկ որտե՞ղ եք գովերգ տեսել: Ես տեսել եմ թե մտավախություն, թե անհանգստություն, որովհետեւ Ադրբեջանի նախագահը երբեք իր խոսքի տերը չի լինում: Նկատե՞լ եք, որ ոչ միայն Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի բարձր պաշտոնյաները ընդհանրապես խուսափում են միջազգային կառույցներում փաստաթղթեր, նույնիսկ հայտարարություններ ու հռչակագրեր ստորագրել: Հայաստանի հանրությանը տեղեկացվում է՝ ինչ է եղել Վիեննայում, եթե հայկական լրատվամիջոցներն էլ ոչինչ չգրեին, միջազգային մամուլը դեռ Վիեննայի հանդիպումից առաջ էր արձանագրել, որ ապրիլյան ագրեսիան Ադրբեջանին ոչինչ չտվեց, խիստ կասկածելի «հաղթանակից» հետո Իլհամ Ալիեւը հարկադրված էր վերադառնալ բանակցային սեղան, հարկադրված էր ինքը խնդրել հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց մերժում էր ընդունել, տարիներ շարունակ պայքարում էր Մինսկի խմբի դեմ, իսկ հիմա ինքն է կառչել այդ խմբից: Առավել եւս հանդիպում էր որոնում ՀՀ նախագահի հետ: Կա իրականություն, եւ կա քարոզչություն: Ադրբեջանի պարագայում իրականությունն ու քարոզչությունը երբեք չեն համընկնում: Վաղուց անցել են գովերգումների եւ փառաբանումների ժամանակները, մենք դա գիտակցում ենք, լավ կլինի, որ ուրիշները եւս գիտակցեն, հիմա տաք սրտով սառը ուղեղներ են հարկավոր։
– Հանրության շրջանում տարակուսանք է առաջացնում նաեւ այն, որ աշխատանքից հեռացված ԶՈՒ բարձրաստիճան սպաները պատասխանատվության չեն ենթարկվում: Մանավանդ վարչապետի` կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի հայտարարությունների, խաղի նոր կանոնների ֆոնին ստացվում է, որ դարձյալ զուտ հայտարարությունների մակարդակ է:
– Արդեն կան ձերբակալվածներ, կան անձինք, ովքեր պարտավորված են վերադարձնել ու վերադարձնում են պետությանը հասցրած նյութական վնասները: Ամեն ինչ տեսանելի է, եւ մեղավորները պիտի պատժվեն հրապարակավ: Դուք կախաղաննե՞ր եք ուզում Հանրապետության հրապարակում, որ գրեք՝ վարչապետը հաջողությամբ պայքարում է կոռուպցիայի դեմ՝ ինչպես փետրվարին խնդիր էր դրել ՀՀ նախագահը: Կախաղաններով հարց չես լուծի, մթնոլորտը պետք է փոխվի, որ ոչ ոք չփորձի ձեռքը պետության գրպանը տանել:
– Սամվել Բաբայանը հեռացավ ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով, հիմա վերադարձել է. շատերը նրան գրեթե փրկչի կերպար են վերագրում, Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների կեցվածքը լոյալ է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Սամվել Բաբայանը։
– Սամվել Բաբայանը վերադառնալուց հետո շատ ակտիվ հարցազրույցներ է տալիս ու իր վերադարձի պատճառը գաղտնիք չի դարձնում: Իսկ եթե դա ձեզ չի բավարարում կամ հստակ չէ՝ ինչ դերակատարում է տրվելու Բաբայանին, գտեք ու հարցրեք նրա վերադարձի սցենարը գրողին, կպատասխանի, եթե համարի, որ արդեն ժամանակն է խոսելու:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
01.06.2016