Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն ապացույցներ չունենալով՝ որոշումնե՞ր է կայացնում

Հունիս 02,2016 17:00

Հանձնաժողովն ինչպե՞ս է որոշել, որ «Չորս Ընկեր», ՍՕՀՕ, «Պրոֆ-Իմպրոտեքս»,
«Նանիս» ընկերությունները հակամրցակցային համաձայնության են եկել:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պատասխանատվության է ենթարկել Թուրքիա-Հայաստան ուղղությամբ բեռնափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնող չորս ընկերությունների, որոնց բաժինները միասին, մասնավորապես՝ տղամարդու տաբատ, կնոջ տաբատ, մանկական հագուստ եւ կանանց բլուզ ապրանքների 2010 թվականի չորրորդ եռամսյակի եւ 2011 թվականի առաջին եռամսյակի ընդհանուր ներկրման ծավալում կազմել են 97.73 %: ՏՄՊՊՀ-ն ապացուցված է համարել, որ ընկերությունները կայացրել են հակամրցակցային հորիզոնական գաղտնի համաձայնություն նշված ապրանքների գները արհեստականորեն՝ մոտ երկու անգամ բարձրացնելու վերաբերյալ։

Չորս ընկերությունների՝ «Չորս Ընկեր», ՍՕՀՕ, «Պրոֆ-Իմպրոտեքս», «Նանիս»-ի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումներն ուսումնասիրել են «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային վերլուծություն» զեկույցի հեղինակները: Ծավալուն հետազոտությունը հեղինակներ Արամ Օրբելյանի, Արա Ղազարյանի, Արտակ Զեյնալյանի, Դավիթ Ասատրյանի եւ Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացվեց երեկ:

Զեկույցի՝ «Հանձնաժողովի կողմից խախտում արձանագրելու եղանակը» գլխում հեղինակները վերոնշյալ 4 ընկերությունների գործով վերլուծել են, թե ինչպես է ՏՄՊՊՀ-ն որոշում խախտման առկայությունը, ապացույցի գնահատման ինչ եղանակներ եւ ապացույցի ինչ չափանիշ է կիրառում:

«Անկասկած է, որ հանձնաժողովը չուներ չորս ընկերությունների կողմից գները բարձրացնելու մասին հորիզոնական պայմանավորվածություն ձեռք բերելու փաստը հաստատող ապացույց։ Այդպիսի ապացույց կհանդիսանային, օրինակ, չորս ընկերությունների ներկայացուցիչների միջեւ նամակագրության կամ հաղորդակցության այլ միջոցների գաղտնալսման արդյունքում ստացված տվալները, որոնցից հստակորեն կերեւար նման պայմանավորվածություն ձեռք բերած լինելու մասին կամ ականատես վկայի ցուցմունքները, որը ներկա է եղել նման համաձայնության կայացման գործողությանը, կամ որեւէ պայմանավորվածության վերաբերյալ գրավոր արձանագրությունները եւ այլն, որոնք ուղղակիորեն կմատնանշեին նման համաձայնության կայացված լինելու փաստը։ Սակայն հանձնաժողովը նման ապացույցներ չունի եւ, որպես կանոն, նման ապացույցների երբեք չի դիմում»,- փաստում են զեկույցի հեղինակները։ Ըստ նրանց՝ դրա փոխարեն հանձնաժողովը կատարում է շուկայի ուսումնասիրություն եւ արդյունքներից ստացված փաստական տվյալների ամբողջությունից կատարում է մտահանգում նման համաձայնության ամենայն հավանականությամբ կայացված լինելու մասին։

Այսինքն՝ ըստ զեկույցի վերլուծաբանների՝ ՏՄՊՊՀ-ի գործունեությունը հիմնված է ոչ թե իրողության հաստատմանը, այլ իրողության հավանականության հաստատմանը. «Առավել հավանական է, որ համաձայնություն կայացվել է, քան ոչ»։
Ուսումնասիրությունից պարզվել է, որ այս գործով հանձնաժողովը խախտումն ապացուցված է համարել հետեւյալ փաստական տվյալների հիման վրա. «Մամուլի հրապարակումները առ այն, որ նշված ապրանքների գները ամենայն հավանականությամբ արհեստականորեն բարձրացվել են, նշված ապրանքները տոնավաճառում, առեւտրային այլ կետերում վաճառող առեւտրականների վկայությունները, որոնք նշել են, որ ապրանքները ներկրող ընկերություններից գնել են սովորականից երկու անգամ թանկ։ Հանձնաժողովն այնուհետեւ ուսումնասիրել է նույնանման ապրանքների ներկրման մաքսավճարները եւ պարզել, որ մաքսավճարների փոփոխություն տեղի չի ունեցել, հետեւաբար գների բարձրացռւմը պայմանավորված չի եղել մաքսավճարների փոփոխությամբ։ Հանձնաժողովը նաեւ ուսումնասիրել է ընկերությունների մաքսային հսկողության եւ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, իրացման գրքերը, եւ նշված փաստական տվյալներից հանձնաժողովը բխեցրել է եզրահանգում, որ տեղի է ունեցել գների արհեստական բարձրացում, եւ համարել է, որ դա ապացուցված է»,- նշում են զեկույցի հեղինակները: Ըստ նրանց՝ այսինքն, ապացույցը բխել է ոչ թե գները բարձրացնելու համաձայնության կայացման փաստը հաստատող ապացույցներից, այլ շուկայական, տնտեսական գործոնների հիման վրա բխեցրած եզրահանգումից, որ գներն ամենայն հավանականությամբ պայմանավորված բարձրացվել են. «Այսինքն՝ որոշումը բխել է ոչ թե փաստի առկայությունից, այլ ենթադրությունից։ Ընդ որում, հայտնի չէ, թե ապացույցի ինչ չափանիշ է կիրառվել փաստերից եզրահանգում բխեցնելիս։ Հանձնաժողովի որոշումներում ապացույցի չափանիշի մասին որեւէ ակնարկ կամ ցուցում բացակայում է»։

Վերլուծության հեղինակները գտնում են, որ փաստերի ազատ գնահատման նման եղանակը կիրառվում է այնպիսի իրավախախտումների առնչությամբ, որոնք իրենց բնույթով քողարկված են, եւ դրանց բացահայտումը չափազանց մեծ ջանքեր կպահանջի, իսկ մեծամասամբ էլ արդյունք չի տա, եթե կիրառվեն իրավախախտման բացահայտման ավանդական եղանակներ. «Հենց այդ նպատակով էլ առավել նպատակահարմար է նման իրավախախտումները բացահայտել իրավախախտման առկայությունը ամենայն հավանականությամբ հավաստող ուղղակի եւ անուղղակի փաստերի հիման վրա։ Այսինքն՝ դատավորը ապացույցի նման ձեւաչափով որոշում կայացնելիս ոչ թե պետք է որոշի, թե որ կողմն է իրավացի, այլ՝ թե որ կողմի իրավացիությունն է առավել հավանական»։

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930