Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել է դատարան՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի դեմ

Հունիս 02,2016 16:30

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացված, նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ, պարոն Պետրոսյանը պատասխանեց.
-Ես խոստացել էի, որ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը չանսա բանականության ձայնին, չգնա փոխըմբռնման ճանապարհով, ապա ես ստիպված կլինեմ իմ խախտված իրավունքը պաշտպանել դատական կարգով: Ինձ ապօրինաբար կուսակցությունից հեռացնելու որոշումը բողոքարկել եմ դատական կարգով: Մինչ այդ երկու տարբեր գրություններով` 16 -ին եւ 30-ին, դիմել եմ իրեն, որեւէ պատասխան չեմ ստացել: Նա ուղղակի արհամարհել է ինձ: Խնդրել էի հայտնել կուսակցությունից ինձ հեռացնելու պատճառը, եւ տրամադրել որոշումը: Տիկին Զոհրաբյանը, իր սովորության համաձայն, 2 անգամ արհամարհական մոտեցում ցուցաբերեց իմ գրավոր խնդրանքների նկատմամբ: Ես, հարգելով իր սեռը, տարիքը, նույն թիմում մեր նախկին համագործակցությունը, չէի կամենում, որ դատական ճանապարհով լուծվեր մեր վեճը: Որովհետեւ, երբ ես դատարանում շոշափեմ տիկին Զոհրաբյանի անունը, ստիպված այն կապակցելու եմ ԲՀԿ-ի հետ, ինչն ակեղծ ասած` ցանկալի չէ: Հընթացս ոչ ցանկալի ֆոնին շոշափվելու է «Բարգավաճ Հայաստանի» անունը: Նա գոնե պետք է երբեմնի այդ հզոր կուսակցության բարի համբավը չվնասելու շահերից ելնելով, իր մեջ ուժ գտներ` մեծահոգաբար չեղարկել իր պարտադրած ապօրինի որոշումը, պետք է հարգեր իմ առաջարկը եւ խուսափեր դատական վեճերից:

Անգամ հայցը ներկայացնելուց երեք օր առաջ հրապարակայնորեն առաջարկեցի համերաշխությամբ լուծել վեճը, որեւէ պատասխան չստացա: Քանի որ իմ խոստումների մեջ չեմ հիասթափեցնում ոչ ինձ, ոչ այդ խոստումները լսողներին, մայիսի 16-ին հայցը ներկայացրեցի դատարան:

Դատական նիստն արդեն նշանակվել է: Երբեք չէի ցանկանում հարազատ կուսակցության հետ, այն էլ` նախընտրական տարում, հարցերը պարզել դատարանում, բայց դրան ուղղակիորեն նպաստեց ԲՀԿ-ն խարխլող նախագահ տիկին Զոհրաբյանը: Նա իր այդ արհամարհական քայլով նորից ապացուցեց, որ ինքն ի վիճակի չէ ղեկավարել որեւէ լուրջ հաստատություն, առավել եւս` կուսակցություն: Շատերն են ինձ հարցնում` այդ ինչպես է մի արկածախնդիր կին փլուզում մեծ չարչարանքով ստեղծված մի ամբողջ կուսակցություն: Ես էլ ասում եմ` պետք չէ զարմանալ, որովհետեւ եթե ես մի օր որոշեմ օդ բարձրացնել Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը, ապա ոչ մի երաշխիք չկա, որ այդ ինքնաթիռի անձնակազմը չի հայտնվի Մոզամբիկի «ԳորոնԳուլա» արգելոցներում` սովյալ հովազների գրկում…
Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ
01.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930