Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային դոպինգ սկանդալների հանգուցալուծումը կլինի առաջիկա օրերին

Հունիս 02,2016 14:30

Արդեն որերորդ ամիսն է, ինչ աշխարհում դոպինգային աննախադեպ սկանդալ է սկսվել, որի հանգուցալուծումը կլինի առաջիկա օրերին, երբ ՄՕԿ-ն ու ՎԱԴԱ-ն պաշտոնապես կհայտարարեն այն մարզիկների անունները, որոնք Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի դոպինգ արդյունքները վերստուգելուց հետո զրկվել են Ռիո դե Ժանեյրո մեկնելու իրավունքից:

Սպորտը ոչ միայն պետք է մաքուր լինի, այլեւ քաղաքականությունից հեռու: Համենայն դեպս, ամբողջ աշխարհն է այդպես ասում ու ցանկալի է, որ այդպես էլ լինի: Բայց, ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները, դա, կարծես, այնքան էլ այդպես չէ: Դոպինգի դեմ պայքարել են միշտ: Ու եթե օլիմպիական խաղերում, աշխարհի, մայրցամաքային առաջնություններում հայտնաբերվել են կարգազանցներ, նրանք պատժվել են, իսկ ազգային ֆեդերացիաները խոշոր տուգանքների ենթարկվել: Իսկ մյուսները շարունակել են մարզվել ու մասնակցել մրցումների:

Հիմա շատ բան է փոխվել ու ամենայն հավանականությամբ՝ նաեւ քաղաքական ենթատեքստով: Պատճառը կրկին Ռուսաստանն է, որի նկատմամբ կիրառվող քաղաքական ու տնտեսական պատժամիջոցները, թվում է, տեղափոխվում են նաեւ սպորտի ոլորտ: Ոչ ոք չի կասկածում, որ այդ երկրի մարզիկներից շատերը հաղթել են անազնիվ պայքարում: Վկա՝ վերջին մի քանի տարում դոպինգ եւ արգելված նյութեր օգտագործած լինելու պատճառով տասնյակ մարզիկների որակազրկումները:
Այսօր մարզական աշխարհը Ռուսաստանին ի վերջո նաեւ սպորտում ազնիվ դաշտ բերելու նպատակով շրջանառության մեջ է դրել այդ երկիրն ընդհանրապես 31-րդ ամառային օլիմպիական խաղերից հեռացնելու տարբերակը: Իսկ դրա համար ավելի քան լուրջ հիմնավորումներ են հարկավոր: Դրա համար որոշում է կայացվել՝ վերաստուգել 2008 թ.

Պեկինի եւ 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների դոպինգ ստուգման արդյունքները՝ արդեն նոր տեխնոլոգիաների հնարավորությունները կիրառելով: Եվ առաջնահերթությունը տրվել է նախորդ երկու օլիմպիական խաղերում մեդալ նվաճած կամ մասնակցած այն մարզիկների փորձանմուշները բացելուն, որոնք պատրաստվում են հանդես գալ նաեւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում: Կրկնաստուգվել են տարբեր երկրների մարզիկների հարյուրավոր փորձանմուշների «A» սրվակները, որի ընթացքում արձանագրված շուրջ երեք տասնյակ դրական արդյունքների գրեթե կեսի «հեղինակները» էլի Ռուսաստանի մարզիկներն են: Պատժամիջոցներ կիրառելու հարցում սխալմունքը բացառելու նպատակով, Շվեյցարիայի հակադոպինգային լաբորատորիայում երեկ ու այսօր վերստուգվում են նաեւ «B» սրվակները: Եվ եթե արդյունքները հաստատվեն, ՄՕԿ-ը հունիսի առաջին օրերին կհրապարակի պատժված մարզիկների անունները:
Բնականաբար, մեզ հետաքրքրում է, թե հավանական «սեւ ցուցակում» մեր մարզիկների անուններ կհայտնվե՞ն, թե՞ ոչ:

Մամուլում արդեն շոշափվում են հայաստանցի երկու ծանրորդների անուններ: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Անկեղծ ասած, չի բացառվում: Բայց այս պահին հաստատել կամ ժխտել, դժվար է: Որովհետեւ մեր տվյալներով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն երեկվա դրությամբ ՄՕԿ-ից համապատասխան ծանուցում չէր ստացել եւ երկրորդ՝ ՄՕԿ-ը դեռ պաշտոնական ցուցակ չի հրապարակել:

Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ մեր մարզիկներից էլ հայտնվեն այդ ցուցակում եւ եթե այո, ինչպե՞ս կարող էր նման բան պատահել: Ոլորտի մարդիկ կհիշեն, որ մինչեւ 2009 թվականի սեպտեմբեր ամիսը Հայաստանում ըստ էության պատշաճ դոպինգ վերահսկողություն չի եղել: Դոպինգի դեմ իրական, օրինական դաշտում անհաշտ պայքարը մեզանում սկսվել է 2009 թվականից՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ: Եվ պատահական չէ, որ Համաշխարհային ու եվրոպական հակադոպինգային գործակալությունները Հայաստանի հակադոպինգային ծառայությունը այսօր լավագույններից մեկն են համարում ոլորտում:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

01.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930