Սկսել եք գիրանալ, ապա առաջին հերթին սկսեք հետեւել սնման ռեժիմին։ Ստամոքսը ընտելանում է որոշակի ժամերի եւ սնունդը լիարժեք է մարսվում։
Ցանկալի է օրվա ընթացքում ուտել 4-5 անգամ, բայց քիչ։ Ուտել ավելի շատ բանջարեղեն, խուսափել ճարպոտ ուտելիքից, կալորիականությամբ բարձր ուտելիքներից` ապխտած մթերքներից, կոնֆետներից, կարկանդակներից։ Օգտագործել լավաշ կամ չոր հաց, քանի որ այն դյուրացնում է մարսողությունը, իջեցնում ախորժակը։
Ուտել փոքրիկ բաժիններով։ Հիշել, որ ճարպակալումը ոչ այնքան կալորիայից է, որքան սննդի շատ օգտագործումից։ Յուրաքանչյուր 3-4 անգամ սնունդը կուլ տալուց հետո, մի կողմ դնել գդալն ու պատառաքաղը, փոքր դադար առնել, ապա շարունակել դանդաղ ծամել։
Կարդացեք նաև
Սովորաբար սնունդը ընդունել փոքր ափսեից, իսկ կերակուրը պատրաստել բուսական ձեթով։
Ուտելիս որեւէ բանով չտարվել, քանի որ չեք նկատի, թե չափից ավելի որքան կերաք: Այդպես կերածն էլ լրիվ չեք յուրացնի։
Օգտագործել բանջարեղենից պատրաստված աղցաններ, թեթեւ ապուրներ, ձկան, հորթի եւ գառան միս, անյուղ կաթ եւ որքան հնարավոր է՝ տարբեր ծաղիկներից ու խոտերից պատրաստված թեյ խմել։
Օրական քայլեք ինչքան հնարավոր է շատ, ոչ պակաս՝ 1.5-2 ժամ։
Չսնվել երեկոյան 19-ից հետո։
Խուսափել խոզի մսից, կարագից, մեղրից, պանրից, ճարպոտ հավից, յուղոտ երշիկեղենից, քաղցրավենիքից, չորացած շաքարամրգերից, թզից, գարեջրից, լիկյորներից։
Կշռվել ամեն օր, չհուսահատվել, եթե տարբերություն չկա ձեր քաշի մեջ, ձեր համբերության շնորհիվ անպայման կհասնեք արդյունքի։
Չի կարելի նիհարելիս կտրուկ քաշ կորցնել` նիհարելը պետք է լինի աստիճանաբար։ Հիշել, որ արագ կորցրած քաշը վերականգնվում է շատ արագ։ Հիշել նաեւ ոսկյա կանոնը չգիրանալու մասին` երբեք սեղանից չհեռանալ կուշտ։
Եթե ցանկանում եք որեւէ դիետայի հետեւել, նախ անպայման դիմեք մասնագետի: Թաքնված առողջական խնդիրները եւս նպաստում են գիրացմանը եւ գուցե ձեզ ամենեւին էլ դիետա անհրաժեշտ չլինի:
Դիետայի անհրաժեշտության դեպքում ձեզ ենք ներկայացնում սովորական եւ բրազիլական դիետաներ:
Սովորական դիետա
Պահպանման ժամկետը՝ 7 օր:
Նախաճաշ` 1 բաժակ կաթ
Ճաշ` 300 գրամ կարտոֆիլի պյուրե
Ընթրիք` կարտոֆիլով աղցան (250 գրամ կարտոֆիլ, 1 խաշած ձու, աղ, քացախ, բուսական ձեթ, սեւ պղպեղ)։
Դիետայի պահպանման դեպքում կկորցնեք կես կիլոգրամ քաշ։
Բրազիլական դիետա
Դիետան պահպանվում է 14 օր:
Առաջին երկու օրը երեք անգամ մեկական խաշած ձու, մեկ բաժակ սուրճ, մեկ խնձոր։
Երրորդ օրը. առավոտյան` 2 ձու, ճաշին` մի կտոր տավարի խաշած միս, երեկոյան` 1 ձու, սպանախ։
Չորրորդ օրը. առավոտյան` 1 ձու, ճաշին` ձուկ, լոլիկ, երեկոյան՝ 2 ձու, 1 բաժակ սուրճ։
Հինգերորդ օրը. առավոտյան` 1 ձու, 1 բաժակ սուրճ, ճաշին` 2 ձու, լոլիկ, երեկոյան` անյուղ ձուկ, քացախով բանջարեղեն։
Վեցերորդ օրը. առավոտյան` 1 ձու, 1 բաժակ սուրճ, ճաշին` մեկ կտոր տավարի միս, վարունգ, երեկոյան` միս, լոլիկ։
Յոթերորդ օրը. առավոտյան` 1 ձու, ճաշին` հավի ճտի կեսը, բանջարեղեն, երեկոյան` հավ ճտի կեսը, խնձոր։
Հաջորդ 7 օրվա րնթացքում կրկնել նույնը։
14 օրում նիհարում են 4-5 կգ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
01.06.2016