Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչար ունեցող ազգը իրավունք չունի խայտառակ արձաններ տեղադրել»

Հունիս 02,2016 16:00

Հայտարարում է գրահրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը

Մարշալ Համազասպ Բաբաջանյանի եւ Գարեգին Նժդեհի հուշարձանների՝ Երեւանում տեղադրվելուց հետո կրքերը չեն հանդարտվում՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ ոչ մասնագիտական շրջանակներում: Ժամանակին նույնը կատարվեց նաեւ Առնո Բաբաջանյանի հուշարձանի բացումից հետո: «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ անմասն չմնաց այս ամենից, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով հետեւյալ գրառումը.

«Երեւանը վերածվում է անճաշակ հուշարձաններով մեծ գերեզմանի:
Իսկ ինչո՞ւ պիտի այդպես չլիներ: Ի՞նչ են տեսել այսօրվա կառավարիչները, ո՞վ է նրանց դաստիարակել (եթե նման փաստ արձանագրվել է): Ի՞նչ են նրանք կարդացել՝ բացի Րաֆֆու «Սամվելից» (կներես, Րաֆֆի), ի՞նչ գիտելիք են ընկալել նրանք դպրոցում՝ բացի ցեղասպանությունից: Սրանք ի՞նչ գիտեն՝ արվեստը ինչ է: Սրանք ավազակներ են: Անաղուհաց ավազակներ: Ավազակին բնորոշ բոլոր հատկանիշներով.

1. գող են, թալանչի,
2. անբարո, կոռումպացված,
3. անգրագետ, լավագույն դեպքում՝ անկիրթ,
4. անշնորհք,
5. անդաստիարակ,
6. անմշակույթ (ներողություն, գողական մշակույթ կրողներ),
7. մեռելապաշտ,
8. անաստված (չասեցի՝ անկաթողիկոս),
9. անաղոթք (մոմ վառող),
10. դպրոցաքանդ (լավագույն դեպքում՝ եկեղեցաշեն):
Ինչո՞ւ պիտի այլ բան լինի: Խեղճ Երեւան»:

melamaxzhutyun

«Առավոտը» հարց ուղղեց Արմեն Մարտիրոսյանին, որը 1992-ից բուռն գործունեություն է ծավալում հրատարակչական ոլորտում, այս ընթացքում հրատարակել է գրքեր, ալբոմներ մշակույթի տարբեր ոլորտներին վերաբերող՝ հայկական տարազներից մինչեւ աշխարհի հայկական հուշարձանները, սակայն եւ ոչ մի խոսք չկա հայ քանդակագործների արվեստի մասին:

«Տպագրել ենք աշխարհի հայկական հուշարձանները, որը կազմել է Ռաֆայել Հովհաննիսյանը: Բացի այդ, հրատարակել ենք ամերիկաբնակ հայտնի քանդակագործ Ռուբեն Նաքյանի՝ արվեստին վերաբերող աշխատություն: Ի դեպ, մեր հայրենակցի աշխատանքները կողք կողքի տեղադրված են ԱՄՆ-ի Յուտա նահանգում գտնվող համալսարանի առջեւ»,- նշեց մեր զրուցակիցը: Հարցին՝ հայաստանցի ոչ մի քանդակագործի գոնե մեկ աշխատանք իրեն չի՞ հուզել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք ունենք հանճար, նրա անունն է Քոչար: Ինձ ոչ միայն հուզել են նրա գործերը, այլեւ պարծենում եմ, օրինակ՝ ՆՓԱԿ-ի առջեւ Քոչարի մի աշխատանքով, որը կոչվում է «Մելամաղձություն» (լուսանկարում): Աշխատանք, ինչը պարզ ցույց է տալիս, որ քաղաքը մարդուն կրծում է ներսից, քաղաքը անտեսում է սեռը, մյուս կողմից՝ քաղաքն անիմաստ է առանց մարդկանց… Խոսքս քաղաքային առաջադեմ մշակույթի մասին է, կոնկրետ՝ Քոչարի ժամանակի»: Հետո էլ հավելեց. «Այն ամենն, ինչ այսօր կատարվում է, ասենք՝ Երեւանում, 100 տարվա առաջվա նախագծով շենքեր կառուցելը, գերեզմանի հուշարձան հիշեցնող քանդակների տեղադրումը, մարդու լաց է գալիս: Ես հետեւյալ կարծիքի եմ՝ Քոչարի նման քանդակագործ ունեցող ազգը պարզապես իրավունք չունի ունենալ մարշալ Բաբաջանյանի, Նժդեհի, Սարոյանի,  էլ չեմ ասում՝ նստարաններին թիկնած հայտնի դեմքերի խայտառակ քանդակներ: Իսկ Քոչարին մեր հրատարակության անդրադարձն անպայման կլինի»:

Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ այսօր մեզ մոտ տեղադրվող քանդակները ժամանակավրեպ են, արխայիկ, հեռու նորարարություն կոչվածից, այնինչ դրանք պետք է համապատասխանեն այս ոլորտի համաշխարհային տենդենցներին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Ա. Մարտիրոսյանը՝ Երվանդ Քոչարի թանգարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930