Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և որդիների հետ միասին ներկա է գտնվել գեղասահքի Հայաստանի բաց առաջնության պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի կողմից առաջին անգամ անցկացվող բաց առաջնությանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայազգի 45 գեղասահորդներ:
Հանդիսավոր արարողության ժամանակ գեղասահքի Հայաստանի բաց առաջնության հաղթող զույգին մրցանակները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ցուցաբերած մշտական աջակցության և պատրաստակամության համար ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի անունից շնորհակալագրեր են հանձնվել Երևանի քաղաքապետին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին:
Առանձնակի կարևորելով միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված ու անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի հնարավորությունները՝ առաջնության կազմակերպիչները համոզմունք են հայտնել, որ մայրաքաղաքի մարզական այս օջախում դեռ միջազգային շատ մրցումներ են կազմակերպվելու:
Կարդացեք նաև
Հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը սահադաշտ այցելած բազմաթիվ հանդիսականների հետ միասին հետևել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնության մասնակիցների ու մարզադպրոցի սաների ցուցադրական ելույթներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն