«Բարև ձեզ»,- «Մեցցո» ակումբում այսօր հայերենով լրագրողներին ողջունեց ուկրաինական «Օկեան էլզի» (Okean Elzy) ռոք խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը. «Հայերեն միայն այդքանը գիտեմ, բայց մեծ հաճույքով կսովորեի: Այն մի փոքր բարդ լեզու է»,- ասաց նա:
Ս. Վակարչուկը վերջերս ուկրաինական «Ձայնը» նախագծում Դիանա Դիկովսկու ելույթից հետո (Դիանան կատարել է «Դլե յաման»-ը) հայտարարել էր, որ այն իր ամենասիրելի հայկական երգն է. «Դա իսկապես այդպես է։ Այդ երգի մասին իմացել եմ իմ հայ և հայկական արմատներ ունեցող ուկրաինացի ընկերներից: Ես հետաքրքրվել եմ հայկական մշակույթով ու պատմությամբ, այդպես իմացել եմ նաև «Դլե յաման»-ի մասին։ Ամեն ազգ իր երգն ունի: Գիտեմ՝ այն ինչի մասին է, և պետք է ասեմ, որ դա այն երգը չէ, որը պետք է կատարել հենց այնպես, տեղի հանդիսատեսին զարմացնելու համար։ «Դլե յաման»-ը լուրջ ստեղծագործություն է, որը պետք է կատարել ներսից, զգալ այնպես, ինչպես հայերն են զգում:
Ինձ դուր է գալիս Հայաստանը, հայկական մշակույթը: Ի դեպ, ընկերս՝ Ուկրաինայում հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը, մի մեծ ցուցակ է կազմել ինձ համար, թե ուր կարելի է գնալ։ Դրանցից մի քանիսում արդեն հասցրել ենք լինել, ինչպես, օրինակ, Էջմիածնում. շատ գեղեցիկ է: Ափսոս, որ բավական ժամանակ չունենք Երևանից դուրս գտնվող այլ վայրերում ևս լինելու համար: Մեծ սիրով կայցելեինք հին հայկական բոլոր եկեղեցիները: Երբ որևէ երկիր ես այցելում, կարևոր է նրա մշակույթին ծանոթանալը: Բայց հոկտեմբերին մեկնելու ենք Թբիլիսի և, ով գիտե, միգուցե նորից գանք Երևան»,- ասաց Ս. Վակարչուկը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ