Այսօր ԱԺ-ում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հայտարարված էր բաց դռների օր, որին մասնակցում էին նաեւ պատգամավորների երեխաները:
ՀՀԿ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի 6-ամյա դուստրը՝ Ագապին, մեզ հետ զրույցում ասաց, որ երազում է կախարդական փայտիկ ունենալ. «Փայտիկ, որ ինչ ուզեմ՝ անեմ: Կախարդական փայտիկից կուզեմ, որ փերիները գան, ինձ հետ լինեն»:
Մեր հարցին՝ ավելի ռեալ երազանքներ չունե՞ս, նա պատասխանեց. «Ունեմ: Կուզենամ կախարդական գիրք ունենամ, որ ինչ հեքիաթ կարդամ, վերջացնեմ, այդ հեքիաթի մեջ ես լինեմ»:
Կարդացեք նաև
Ագապին ասաց, որ այնպիսի երազանքներ չունի, որ կարողանան ծնողները կատարել, իր երազանքները հեքիաթների հետ են կապված:
Արտակ Դավթյանի խոսքերով՝ «Նա դեռ կհասցնի մեծանա եւ ունենա այնպիսի երազանքներ, որոնք առարկայական կլինեն»:
Իսկ Արտակ Դավթյանը մանկության տարիներին երազել է զինվորական դառնալ. «Ցավոք, այդպես չեղավ, մասամբ կատարվեց այդ երազանքը: Ծառայելով բանակում՝ ինչ-որ չափով առնչվում ես զինվորական մասնագիտության հետ, բայց դա այն չէ, ինչ իմ մանկության երազանքը»:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի դուստը երազում է բժիշկ դառնալ, որ մարդկանց բուժել: Քաղաքական գործիչ դառնալու ցանկություն չունի:
Որդին՝ Հայկը կարատեի է գնում: Թե ում է ուզում ծեծել՝ պարզվում է՝ գողերին ու թուրքերին: Պարզեցինք նաեւ, որ հրացան ունի, որով գնալու է թուրքերին սպանելու: Իսկ այն, որ ինքը ամենաուժեղն է՝ ապացուցեց տեսախցիկի առաջ՝ հատուկ հնարք կատարեց հայրիկի՝ Հովհաննես Սահակյանի վրա՝ մոռանալով, որ նա անձեռնմխելի է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ