Բաց նամակ
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին, ԱԺ Նախագահ Գ. Սահակյանին, ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին ու պատգամավորներին
Մեծարգո պարոն Նախագահ, ԱԺ Նախագահ, հարգարժան տիկնայք և պարոնայք պատգամավորներ,
Լեհաստանում Հայկական Երիտասարդական Միությունը (այսուհետ՝ ՀԵՄ) լեհաստանաբնակ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների խնդրանք-պահանջով դիմում է ձեզ` վերականգնելու արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը:
Կարդացեք նաև
2016 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀԵՄ-ը Լեհաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների շարքերում անցկացրել է հարցախույզ, ըստ որի վերջիններիս ճնշող մեծամասնությունը` շուրջ 96 %-ը, դրական պատասխան է տվել ընտրական իրավունքի վերականգնման մասին հարցին:
Լեհաստանից դուրս գտնվող մեր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում պարզեցինք, որ ԵՄ մյուս երկրներում ՀՀ քաղաքացիները նույնպես կողմ են ընտրական իրավունքի վերականգնմանը: Կարծում ենք, որ արդարացի չէ ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածի զրկել սեփական երկրի ներքաղաքական կարևորագույն իրադարձություններին մասնակցելու իրավունքից: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հսկայական ջանքերը, որ գործադրում է արտերկրի հայությունը ցեղասպանության, Արցախյան հակամարտության, ՀՀ վարկանիշի ներկայացման, ինչպես նաև մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի առնչությամբ խնդիրները լուծելու հարցերում:
Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածին ընտրական իրավունքից զրկելը չի հակասում ժողովրդավարական սկզբունքներին ու մարդու հիմնարար իրավունքների դրույթներին:
Մեծարգո պարոն Նախագահ, հարգարժան պետական այրեր,
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներն իրենց ողջ ներուժը միշտ էլ ի սպաս են դրել հայրենիքի բարօրության գործին և երբեք առիթ չեն տվել կասկածի տակ առնելու իրենց գործելակերպը կամ թույլ տվել արարքներ, որոնք պատճառ կարող էին դառնալ նրանց ընտրելու իրավունքից դեֆակտո զրկելու համար:
Հարգանոք՝
Բաբկեն Խանզադյան
Լեհաստանի ՀԵՄ նախագահ
31.05.2016