Մայիսի 30-ին Վարշավայում մեծ հանդիսավորությամբ և զինվորական կարգով տեղի է ունեցել նշանավոր հայուհի, Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական մայր հանդիսացող Յադվիգա Զառուգևիչովայի վերահուղարկավորման արարողությունը:
Արարողությանը նախորդեց Վարշավայում՝ Լեհաստանի բանակի եկեղեցում, մատուցված սուրբ պատարագ, որին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սեյմի նախագահի տեղակալ Յոախիմ Բրուջինսկին, Լեհաստանի Նախագահի խորհրդական Բարբարա Ֆեդիշակ-Ռաջեյովսկան, ԼՀ պատերազմի վետերանների և բռնադատվածների հիշատակի պաշտպանության խորհրդի քարտուղար-նախարար Անժեյ Քշիշտոֆ Կուներտը, ԼՀ Զինված Ուժերի տարբեր ստորաբաժանումների պատասխանատու զինվորականներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Յադվիգա Զառուգևիչովայի ընտանիքի անդամներ:
Պատարագի ընթացքում ընթերցվեց ԼՀ Նախագահ Անժեյ Դուդայի հրամանագիրը, որով Յադվիգա Զառուգևիչովան հետմահու պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի Ասպետական Խաչ շքանշանով:
Պատարագի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:
Կարդացեք նաև
Յադիվգա Զառուգևիչովայի վերահուղարկավորությունը տեղի ունեցավ Վարշավայի Զինվորական պանթեոնում, իսկ գերեզմանը հավերժացավ Հայաստանից հատուկ այդ նպատակով բերված խաչքարով:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ԼՀ պատերազմի վետերանների և բռնադատվածների հիշատակի պաշտպանության խորհրդի քարտուղար-նախարար Անժեյ Քշիշտոֆ Կուներտը, ԼՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պրոֆեսոր Վոյչեխ Ֆալկովսկին, Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Պողոսևիչը, Յադվիգա Զառուգևիչովայի թոռը:
ՀՀ ԱԳՆ