Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված Հայրապետական կրթաթոշակին այս տարի ներկայացված Հայաստանի բուհերի երեք ուսանողների` ուղեկցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի:
Ուսման ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության համար կրթաթոշակ շնորհվեց Նարեկ Մկրտչյանին (Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա, Դեկորատիվ կիրառական արվեստի մագ. 1-ին կուրս), Անահիտ Մամուլյանին (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երգեցողության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի) և Իրինա Մուրադյանին (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բուժական գործ, 3-րդ կուրս):
Հանդիպմանը Վարդան եպիսկոպոսը, ներկայացնելով Հայրապետական կրթաթոշակի արժանացած ուսանողներին, հայցեց Նորին Սրբության օրհնությունը:
Խոսք ասաց նաև Կրթության և գիտության նախարարը: Անդրադառնալով օրվա խորհրդավորությանը և կրթության ոլորտում Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող հետևողական աջակցության համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` պրն. Լ. Մկրտչյանը նշեց, որ սա գեղեցիկ առիթ է, որով գնահատվում է երիտասարդների աշխատանքը: Նախարարը, կարևորելով հանդիպումը Հայոց Հայրապետի հետ, ընդգծեց, որ կրթաթոշակների հանձնումը սոսկ նյութական աջակցություն չէ, այլ ունի հոգևոր խորհուրդ և նշանակություն:
Կարդացեք նաև
Այնուհետև իր հայրապետական օրհնությունը կրթաթոշակակիրներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձ կատարեց կրթության կարևորությանը` նշելով, որ այն մշտապես բարձր է գնահատվել ազգային կյանքում: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես հետամուտ է եղել ժողովրդի կրթության սրբազան գործին և այսօր էլ շարունակում է ամենայն ջանք գործադրել` կրթական զանազան ծրագրերի միջոցով նպաստելու ազգային ոգու և նկարագրի կերտմանը:
Նախարարի ներկայությունն ուսանողների և ողջ կրթական համակարգի համար խրախույս նկատելով` Նորին Սրբությունը նշեց, որ միայն կրթական բարձր մակարդակով և գիտելիքով է հնարավոր ապահով և զորեղ դարձնել Հայրենիքը:
Վերստին շնորհավորելով երիտասարդներին` Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ նրանք պիտի բարեհաջող կերպով ավարտեն իրենց ուսումը և հարուստ գիտելիքների շնորհիվ նորանոր բարձունքներ նվաճեն:
Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Կրթության և գիտության նախարարին այն զորակցության համար, որ նախարարության կողմից մշտապես ցուցաբերվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնին: Հայոց Հովվապետը մաղթեց, որ Ամենակալ Աստված արդյունավորի նրա և նախարարության պաշտոնեության ջանքերը, որպեսզի դպրոցն ու բուհը իրապես դառնան ազգային ոգու ու նկարագրի դարբնոցներ և ազգին պարգևեն գիտելիքների հարուստ պաշարով զինված հայորդիներ` նախնյաց արժանի զավակներ:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական ծրագրերին և Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող կրթական հաստատությունների արձանագրած հաջողություններին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ