Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 1-ին մասնակցել է ՄԱԿ-ի «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի ամբողջական վիճակագրական պատկերը ստանալու մասին» 2014 թվականի Նախարարների հռչակագրի և «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժին առնչվող տարածաշրջանային գործողությունների հիմքի» ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները:
Արփինե Հովհաննիսյանը, կարևորելով ՔԿԱԳ դերն ու նշանակությունը նախարարության գործունեության և քաղաքացիների սպասարկման ոլորտում, նշել է, որ նման հանդիպումը հնարավորություն կտա գործնականում վեր հանել այն խնդիրները, որոնք այսօր առկա են ոլորտում և դրանց լուծման համար արդյունավետ ուղիներ գտնել: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն արդեն որոշ քայլեր իրականացրել է՝ հավելելով, որ դեռ անելիքներ շատ կան: Նախարարն ընդգծել է, որ ՔԿԱԳ աշխատակիցների գործունեությունը գտնվում է իր ուշադրության ներքո, քանի որ քաղաքացիների սպասարկման ոլորտը պետք է մշտապես կատարելագործել և դժգոհությունները հասցնել նվազագույնի:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն