Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համահայկական 7-րդ ամառային խաղերը տեղի կունենան Արցախում

Հունիս 01,2016 17:07

Հունիսի 1-ին «Օլիմպավան»-ում տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի նիստ` ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Օրակարգի հաստատումից հետո քվեարկությամբ Գործկոմի նոր անդամ է նշանակվել Էդվարդ Բաբախանյանը, ով փոխարինելու է այս պաշտոնում Ալֆրեդ Հավանին: Նիստի մեկնարկին քննարկվել է «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և լրացումների նոր խմբագրությամբ տարբերակը ու դրա հետ կապված նիստի մասնակիցների որոշ բանավոր առաջարկները:

Նիստի ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն առաջարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերն անցկացնել Արցախում: Առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունվել բոլոր ներկաների կողմից: «Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման անկյունաքարը: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է պարոն Զաքարյանը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու կարևորության և անհրաժեշտության մասին ելույթներ են ունեցել Գործկոմի փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (Լոս Անջելես, ԱՄՆ), Ստեփան Դերբեդրոսյանը (Բեյրութ, Լիբանան),  Ռոլանդ Շառոյանը (Երևան), Գործկոմի անդամներ Միսաք Նաճարեանը (Բեյրութ, Լիբանան), Պողոս Քիշեանը (Մոնրեալ, Կանադա), Սեպուհ Պաղտոյեանը (Վիեննա, Ավստրիա), Ֆրիջ Շարոյանը (Հալեպ, Սիրիա), Հարություն Թահմազյանը (Նիկոսիա, Կիպրոս), Էդվարդ Բաբախանյանը (Թեհրան, Իրան), Պերճ Հալաճեանը (Ալեքսանդրիա, Եգիպտոս), Ավետիս Թոքաթլյանը (Բուենոս Այրես, Արգենտինա), Հարություն Հարությունյանը (Երևան), ՀԽՀԿ պատվավոր անդամներ Ալֆրեդ Հավանը (Թեհրան, Իրան), Վանիկ Պետրոյանը (Թեհրան, Իրան), Հրաչ Դեր-Սարքիսսյանը (Մոնրեալ, Կանադա):

Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են նաև Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրները, դրանց լուծման տարբերակները:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության և անցել միաձայն:

Ամփոփելով հարցի քննարկումը պարոն Զաքարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին և նշել. «Կասկած անգամ չունեի, որ հարցն արժանանալու է Ձեր հավանությանը: Սա չափազանց պատվաբեր, համարձակ և պատմական որոշում է մեր ազգի համար: Դժվարություններ և խնդիրներ կլինեն, սակայն յուրաքանչյուր հարց ունի իր լուծումը»:

ՀԽՀԿ գործկոմը որոշում է ընդունել նաև ՀԽՀԿ Գլխավոր Ասամբելան անցկացնել Արցախում`2017թ. սեպտեմբերի 3-ին:

ՀԽՀԿ գործկոմի նիստում քննարկվել է նաև Համահայկական 2-րդ ձմեռային խաղերի անցկացման հարցը: Արդյունքում որոշում է կայացվել Համահայկական 2-րդ ձմեռային խաղերն անցկացնել 2018թ. փետրվարին` Ծաղկաձորում:

Նիստի ավարտին ՀԽՀԿ Գործադիր կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ. ««Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեն և Համահայկական խաղերի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում Արցախի Հանրապետությանն ու Արցախի ազատ քաղաքացիներին և դատապարտում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի` նախապես մշակված սցենարով սանձազերծած աննախադեպ սադրանքն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Միայն Արցախի Պաշտպանության բանակի արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և լռեցնել թշնամուն:

Մեր զորակցությունը գործնական հարթություն տեղափոխելու նպատակով էլ որոշում ենք կայացնում Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու մասին: Սա բխում է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության ամրապնդմանն ուղղված մեր հիմնական նպատակից: Հուսով ենք` այս որոշումը կնպաստի հազարավոր կիլոմետրերի վրա գտնվող մեր հայրենակիցների և արցախահայության միջև ամուր և հարազատական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև կստեղծի նոր հնարավորություններ Արցախի տնտեսության զարգացման համար»:

 

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930