Հայաստանի քաղաքացիները կարող են մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ)` առանց մուտքի արտոնագրի եւ հակառակը. իրանցիները կարող են մեր երկիր մուտք գործել առանց վիզայի: Այսպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել երկու երկրների կառավարությունները` Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առեւտրային եւ այլ կապերն ամրապնդելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:
Երկու պետությունների քաղաքացիները սովորական եւ դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ եւ գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:
Այս կարգն ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ համաձայնագիրը ստորագրելուց հետո:
ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ եւ գտնվել Իրանի տարածքում առանց մուտքի արտոնագրի` հետեւյալ վավերական ճամփորդական փաստաթղթերով` դիվանագիտական անձնագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով, ՀՀ վերադարձի վկայականով:
Կարդացեք նաև
Իրանի քաղաքացիները` Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական անձնագրով, ԻԻՀ քաղաքացու անձնագրով, ԻԻՀ վերադարձի վկայականով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ