Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ առաջարկություններ են ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով

Հունիս 01,2016 16:47

2016թ. մայիսի 12-ին, ՀՀ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել առավել արդյունավետ կառավարում իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարության պատրաստակամության և բավարար քաղաքական կամք ցուցաբերելու մասին հայտարարությամբ:

Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ նախագահի և կառավարության կողմից հնչեցրած հայտարարությունները մինչ օրս չեն վերածվել արդյունավետ գործողությունների, իսկ ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունները որևէ արդյունք չեն տվել, ուստի հանրության շրջանում առկա է խորն անվստահություն այդ պայքարի անկեղծ և իրական լինելու նկատմամբ: Ապրիլյան պատերազմը բացահայտեց կոռուպցիայի բազմաթիվ հետևանքներ և ցույց տվեց, թե որքան է այն խոցելի դարձնում ազգային անվտանգությունը և վտանգում մարդու կյանքի իրավունքը:

Ազգային անվտանգության մարտահրավերներին համարժեք արձագանքելու և հակակոռուպցիոն նախաձեռնության նկատմամբ հանրության վստահությունը ձեռք բերելու նպատակով պետք է ձեռնարկել անհետաձգելի, կոնկրետ ու բեկումնային լուծումներ: Ակնհայտ է, որ իրավիճակը ճգնաժամային է, չկա հապաղելու ժամանակ ու ռեսուրս:

Կոռուպցիան Հայաստանում ունի համակարգային բնույթ և տարածված է հանրային կյանքի բոլոր ոլորտներում, որոնք առանձին ու մանրամասն անդրադարձի կարիք ունեն: Այդուհանդերձ, որոշ խնդիրներ ընդհանրական են, և դրանց լուծմանն ուղղված քայլերը կարող են էապես նպաստել միաժամանակ տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ուստի, ճգնաժամային իրավիճակում կոռուպցիայի դեմ պայքարը տրամաբանական է սկսել հենց այդ խնդիրներից:
Այս առնչությամբ գտնում ենք, որ առաջիկա մեկ ամսում ՀՀ կառավարությունը պետք է.

1. Օրենսդրորեն վերացնի հանրային ծառայողների շահերի բախման ռիսկերը՝ մշակելով «Շահերի բախման մասին» ՀՀ օրենք, որում առնվազն անհրաժեշտ է`

• սահմանել շահերի բախումը որպես հանրային ծառայության հետ անհամատեղելի իրավիճակ` արգելելով շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, ինչպես նաև ամրագրել շահերի բախման կարգավորման և կառավարման հստակ մեխանիզմներ.
• ընդհանրացնել շահերի բախումը կանխարգելող, սահմանափակող և կարգավորող նորմերը հանրային գործառույթներով օժտված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր մակարդակների պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և/կամ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների ղեկավար բոլոր պաշտոնյաների համար.
• շահերի բախման և էթիկայի նորմերի նկատմամբ վերահսկողությունն ու համակարգումը վերապահել միասնական և անկախ մարմնի (օրինակ՝ Օրինավորության/էթիկայի հանձնաժողովին), որը կիրականացնի շահերի բախման և էթիկայի նորմերի խախտումների մասին ահազանգերի քննություն, կունենա վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորություն, իսկ բավարար հիմքերի դեպքում` հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու պարտականություն:

2. Ընդլայնի գույքի և եկամուտների հայտարարագրերի բովանդակությունը և սուբյեկտների շրջանակը, որում մասնավորապես անհրաժեշտ է`

• ապահովել շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումը, իսկ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պահանջը տարածել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծնողների, անչափահաս և չափահաս զավակների վրա` անկախ ամուսնացած լինելու և համատեղ ապրելու հանգամանքից.
• հայտարարագրել և հրապարակել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց արտերկրում գրանցված ընկերությունները և դրանցից ստացված եկամուտները, ինչպես նաև վերջիններիս ողջ գույքը և դրամական միջոցները` անկախ գնային շեմից.
• հրապարակել եկամուտ վճարող կամ նվիրատվություն կատարող անձանց (ֆիզիկական կամ իրավաբանական) անունները/անվանումները, նվիրատուի ազգակցական կամ այլ կապը, անշարժ գույքի գտնվելու վայրը (երկիր, բնակավայր).
• գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման պարտավորություն դնել 30.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներիի և նրանց տեղակալների վրա.
• Օրինավորության/էթիկայի հանձնաժողովին օժտել նաև գույքի և եկամուտների հայտարարագրերի հրապարակման, դրանց իսկության ստուգման և հետաքննության, առնչվող բոլոր ահազանգերի քննության իրականացման և վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ, իսկ բավարար հիմքերի դեպքում` սահմանել հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու պարտականություն:

3. Բարձրացնի հանրային միջոցների օգտագործման արդյունավետությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, այդ թվում`

• օրենսդրորեն արգելել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց մասնակցությամբ ընկերություններին՝ մասնակցել հանրային գնումներին, հրապարակային սակարկություններին, աճուրդներին և հանրային միջոցների օգտագործման պայմանագրերին.
• սահմանել հանրային գնումներին, հրապարակային սակարկություններին, աճուրդներին և հանրային միջոցների օգտագործման պայմանագրերին մասնակցող ընկերությունների, այդ թվում՝ ԶԼՄ-ների, իրական տերերի (շահառու սեփականատերերի) անունները հրապարակելու պահանջ.
• սահմանել «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական գնումների կատարման կարգը` ապահովելու պետական ապարատի կողմից մեծաքանակ սպառման ապրանքների (օրինակ` վառելիք, սննդամթերք) գնումները ապրանքահումքային բորսաներից և/կամ ցուցահանդեսներից` նվազեցնելու միջնորդավորված գնումների ծավալը.
• ստեղծել ԵՏՄ գնումների միասնական պորտալ` ըստ գնումների դասակարգչի հրապարակային դարձնելով ապրանքների գները և հաղթողների վերաբերյալ տեղեկությունները` երաշխավորելու պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը.
• օրենսդրորեն հստակեցնել հարկային արտոնություններ տալու չափորոշիչները՝ կամայական և կասկածելի որոշումներից խուսափելու նպատակով.
• քրեականացնել ապօրինի հարստացումը:
Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել համատարած անպատժելիության մթնոլորտում: Օրվա հրամայականն է քաղաքական իշխանության կողմից գործուն քայլերի ձեռնարկումը պետական իրավասու մարմիների և, հատկապես, իրավապահ մարմինների կողմից իրենց օրենսդրական լիազորությունների ամբողջ ծավալով իրականացումը: Ակնկալվում է, որ դրանք, մասնավորապես, պետք է հետամուտ լինեն լրագրողական հետաքննության հրապարակումներին և, առանց երրորդ անձի դիմումի, սեփական նախաձեռնությամբ վարույթներ հարուցեն և նյութեր նախապատրաստեն էթիկայի նորմերի խախտումների, շահերի բախման ու անօրինական հարստացման դեպքերի, գույքի և եկամուտների կասկածելի աղբյուրներ ունեցող և հակամրցակցային գործողություններում ներգրավված անձանց նկատմամբ:
Կոռուպցիայի դեմ պայքարի իրական լինելու նկատմամբ հանրության վստահության համար կարևորագույն գործոն է նրա վստահությունը այդ պայքարը համակարգող մարմնի՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նկատմամբ: Այս առնչությամբ անհրաժեշտ է վերանայել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը՝ այն համալրելով օրինավոր պաշտոնավարմամբ և անբասիր վարքագծով հանրությանը հայտնի անձանցով:

Կոռուպցիայի դեմ պայքարի իրական քաղաքական կամքի վկայությունը կարող է դառնալ հանրային հեռուստատեսությամբ բազմակարծության, քննադատական կարծիքների ներկայացման ապահովումը, առանց որի անհնար է երաշխավորել պետական մարմինների գործունեության թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը:

Հարկ է հիշեցնել, որ ցանկացած պետության հակակոռուպցիոն նախաձեռնության հաջողության գրավականն, անառարկելիորեն, ազատ և արդար ընտրությունների միջոցով ձևավորված լեգիտիմ իշխանությունն է: Հաշվի առնելով, որ լեգիտիմ ընտրություններ հնարավոր է անցկացնել միայն հանրային վերահսկողության գործուն մեխանիզմների առկայության պարագայում, առանձնահատուկ կարևորվում է այդ առումով ընտրական գործընթացների մասնակիցներին բավարարող ընտրական օրենսդրությունը: Ուստի, որպես կոռուպցիայի դեմ հռչակված պայքարի և համապատասխան քաղաքական կամքի հիմնական ցուցանիշ պետք է համարվի հանրային պահանջի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի անհապաղ փոփոխությունը` առնվազն սահմանելով ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջ և վերականգնելով ու, միջազգային կազմակերպությունների խորհրդով, նաև ընդարձակելով հանրային հսկիչների` դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930