«Երեխաներին պետք է պաշտպանել, բայց ուրիշ հարց է, թե երեխաները երբվանից պետք է սկսեն օգտվել համացանցից»,-հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ այդ հարցի շուրջ շատ իրարամերժ կարծիքներ կան, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում. «Իմ կարծիքով՝ այստեղ խնդիրն ավելի շատ ծնողների հետ է կապված, եւ ամենակարեւորն այն է, որ ծնողը պետք է հստակ հասկանա, թե կոնկրետ ինչ վտանգներ են սպասվում երեխային: Սա ամենամեծ խնդիրներից մեկն է. մնացած բոլոր ոլորտներում ծնողներն ավելի մեծ փորձ ունեն՝ բակում ինչ կլինի, դպրոցում, համացանցի դեպքում մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ երեխաները շատ դեպքերում ավելի փորձառու են, ավելի շատ բան գիտեն, քան ծնողները:
Դրա համար մենք հայտնվում ենք մի վիճակում, երբ ծնողները ավանդական մոտեցումով տեսնում են, որ երեխան լուռ է, բակ չի գնում, ոչ մի վտանգ չի սպառնում, համարում են, որ ամեն ինչ նորմալ է: Համակարգիչն էլ, բնականաբար, ասոցացվում է, ինչ-որ բարձր տեխնոլոգիաների հետ, ենթադրվում է, որ երեխան հիմնականում ինչ-որ վեհ գաղափարների հետ է շփվում»:
Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ ըստ վիճակագրության, երեխաները հիմնականում ժամանակն անցկացնում են կա՛մ սոցցանցերում, կա՛մ մեծահասակների համար նախատեսված կայքերում (խոսքը ոչ միայն պոռնոգրաֆիկ կայքերի մասին է, այլ նաեւ դաժանության, թմրանյութերի հետ կապ ունեցող կայքերի). «Առաջին խնդիրն այն է, որ երեխաները ժամանակից շուտ են հայտնվում համացանցում: Այսինքն՝ այն ժամանակ, երբ իրենց այդ համացանցը պետք էլ չէ. երեխան չունի շփման խնդիր, որովհետեւ իր ծանոթները աշխարհով մեկ սփռված չեն եւ խնդիր ունի իր հին ծանոթներին հանդիպել, համադասարանցիների հետ ինքն անմիջապես շփում ունի:
Կարդացեք նաև
Երկրորդը՝ երեխան ցածր տարիքում ինքնուրույն տեղեկատվություն ստանալու խնդիր չունի, որովհետեւ ինքն ունակ էլ չէ ինքնուրույն ցանցից ստանալ այն, ինչ-որ պետք է: Դրա համար, երբ որ երեխան չափից շուտ հայտնվում է ցանցում, ինքը հիմնականում տրվում է կա՛մ խաղերի, որոնցից հետո շատ դժվար է պոկել, կա՛մ սոցիալական ցանցերի, որտեղ վերահսկողությունը շատ բարդ է, եւ դժվար է հասկանալ, թե ինչով է զբաղվում երեխան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ