«Պետք չէ թույլ տալ, որ դադարը երկարի, քանզի ցանկացած դադար վակումային իրավիճակ է, այն կարող է սահուն վերածվել շփման գծի երկայնքով կրակոցների: Ամենակարևորը պետք է խոսել այն մասին, որ պետք է վերականգնել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Ռուսաստանը մյուս պետությունների հետ միասին պետք է կարողանա կողմերին բերել առարկայական բանակցությունների շրջանակ»,- այսօր Երեւան-Մոսկվա-Բաքու տեսակամրջի ժամանակ ասաց Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Թոֆիկ Աբասովը:
Տեսակամրջի թեման էր`«Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: «Առարկայական բանակցություն» ասելով, Թոֆիկ Աբասովը նկատի ունի «հին ադրբեջանական երգն» այն մասին, որ Հայաստանն ագրեսոր է, զավթել է Ադրբեջանի տարածքները եւ այլն: Առարկայական բանակցությունների հիմք նա համարում է, հայկական զորքերի դուրսբերումը շփման գծից:
ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն, իր խոսքում նկատել էր, որ Ադրբեջանն առաջինն է կրակը սկսում ու այս առումով ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մյուս միջնորդների կողմից «ոչինչ չասող, անհասցե գնահատականներ ունենք»:
Խոսրով Հարությունյանը գտնում է, որ բոլորը պետք է վերանայեն իրենց գործողությունները, վերաիմաստավորեն իրենց դերակատարումը եւ նշանակությունը, փորձեն նոր եւ նորովի ներկայանալ եւ հատկապես խաղաղապահ դերակատարմամբ:
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ, միանգամայն այլ պատկեր կլինի, եթե Ադրբեջանը սկսի այլ ուղղությամբ շարժվել. «Մի մոռացեք, որ Սաֆարովը ձեզ համար հերոս է, որ հերոսի կոչման է արժանանում սպանված հայ զինծառայողին գլխատողը, դիակներ խոշտանգողը»:
Խոսրով Հարությունյանն առաջարկում է տրամաբանությամբ շարժվել եւ հավելում, որ Ադրբեջանը պետք է կարողանա դադարեցնել սպառազինության մրցավազքը: Այս իմաստով ՀՀ ԱԺ պատգամավորն առաջարկում է վերադառնալ 1994-ի վիճակին:
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովին Խոսրով Հարությունյանի առաջարկը դուր չեկավ: Նա ասաց, որ այն ժամանակ Հայաստանն օգտվեց Ադրբեջանի թույլ վիճակից, երկրի ժամանակավոր քաոսից եւ հասել է ռազմական հաղթանակի, բայց այս 22 տարիների ընթացքում իրավիճակ է փոխվել`տնտեսական, ժողովրդագրական, դիվանագիտական, ինֆորմացիոն եւ իր գնահատմամբ` հօգուտ Ադրբեջանի: «1994-ի իրավիճակին վերադառնալն իլյուզիա է»,- ասաց նա` հավելելով, որ պետք է ընդունել իրականությունը:
Հակադարձելով Խոսրով Հարությունյանին, Ռասիմ Մուսաբեկովը նաեւ նկատեց, որ ԼՂՀ-ում բնակվող հայերը ոչ միայն կյանքի իրավունքի, այլ ինքնակառավարման, զարգացման, անվտանգության եւ այլ իրավունքների կռիվ են տալիս ու դա ոչ ոք չի վիճարկում: Նա բավական լացակումած ներկայացրեց 600 հազար ադրբեջանցի փախստականների իրավունքը`«իրենց հողի վրա ապրելու»: Ապա ասաց, որ երբ Հայաստանը խոսում է ԼՂՀ հարցի կարգավորման մասին`պատկերացնում է, որ ոչ միայն ԼՂՀ-ն պետք է իրավականորեն անջատել Ադրբեջանից եւ միացնել Հայաստանին, այդ թվում նաեւ «միջանցք» կոչվող տարածքը. «Նման բան երբեք չի լինի»:
Խոսելով Ռուսաստանի դերի մասին էլ նկատեց, որ այն պատմական եւ աշխարհագրական նշանակություն ունի: Իր կարծիքով, ՌԴ-ն այս կոնֆլիկտում ոչ միայն մոդերատորի դեր է կատարում, այլ ինչ-որ իմաստով նաեւ ուղիղ ներգրավված է գործընթացում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ