Սեփական հաղթանակի մասին ոչինչ չլսեց, փոխարենը հաղորդավարի շուրթերի շարժումով հասկացավ, որ դահլիճում, որպես «Միսս Հայք 2016» հաշմանդամություն ունեցող կանանց համահայկական գեղեցկության մրցույթի հաղթող, հենց իր անունն է հնչում:
Լսողության խանգարում ունեցող 21-ամյա Էլեն Խաչատրյանն արդեն 3-րդ անգամ է մասնակցում 2004-ից «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող գեղեցկության մրցույթին և 3 անգամ էլ անցել է եզրափակիչ փուլ:
Այս անգամ, մայիսի սկզբին անցկացված մրցանակաբաշխության ժամանակ, եզրափակիչ փուլ անցած տասը գեղեցկուհիներից հենց ինքը դարձավ մրցույթի գլխավոր հաղթողը:
«Ինչ-որ ներքին զգացողություն կար, որ հաղթելու եմ: Երբ հասկացա, որ ես եմ հաղթել, շատ ուրախացա, ինձ երջանիկ զգացի», -գրում է Էլենը (Խմբ. լրագրողը Էլենի հետ հաղորդակցվել է գրելով):
Գեղեցկության մրցույթում առաջին անգամը չէ, որ գլխավոր մրցանակի է արժանանում: Դեռևս 2011թ, Հայաստանի Խուլերի միավորման կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթում Էլեն Խաչատրյանը դարձել է մրցույթի դափնեկիր:
Կարդացեք նաև
Այս մրցույթի մասին էլ գեղեցկուհին իմացել է հենց Խուլերի միությունից, որտեղ նա արդեն յոթ տարի հաճախում է պարի խմբակ։
«Իմ նկարն էին ուղարկել մրցույթին ու էդպես գնացի ու հաղթեցի»,- պատմում է Էլենը։
Ակտիվ և կենսուրախ Էլենը ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից: Գեղեցիկ, նպատակասլաց և խելացի այս աղջնակն ապրում է շատ ակտիվ հասարակական կյանքով, արժանացել է մի շարք մրցանակների, պատվոգրերի։
2012թ. Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից ստացել է համերգի մասնակցության սերտիֆիկատ, 2015թ-ին Մոլդովայում մասնակցել է լսողության խանգարում ունեցողների հայ-մոլդովական բարեկամությանը նվիրված համերգին և արժանացել է պատվոգրի, իսկ առաջիկայում պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ հերթական համերգային ծրագրին մասնակցելու համար:
2015-֊ին էլ Երևանի քաղաքապետի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթում Երևան քաղաքի մարզական պատիվը բարձր պահելու համար:
Փոքրուց նկարել սիրող Էլենն իր լռությունն արտահայտելու յուրօրինակ տարբերակ է գտել․ ընտրում է ներկապնակի ամենավառ գույներն ու կտավին է հանձնում հոգու խոսքը:
Նկարչական տաղանդն ավելի մասնագիտական ուշադրության արժանացավ արդեն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որտեղ էլ Էլենը սովորեց 4 տարի:
Էլեն Խաչատրյանն այժմ սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կիրառական արվեստի առաջին կուրսում:
Նկարչության ասպարեզում որոշակի հաջողությունների հասած Էլենը, դեռևս ուսանողական մի քանի ցուցահանդեսների է մասնակցել, բայց վստահ է, որ կգա մեկ օր, երբ իր աշխատանքներն առավել ճանաչելի կդառնան:
Նկարչությունից զատ նա իր ուժերը փորձում է նաև գոբելենագործության ոլորտում, դեռ առաջին քայլերն է անում, բայց վստահ է. եթե սիրում է, ուրեմն հաջողությունների կհասնի:
Էլենի մոտ լսողությունը մանկուց բացակայում է: Դեռևս 4 ամսականում մայրը նկատել է, որ երեխան չի լսում, բայց զգում է թրթռումը (վիբրացիան):
«Մինչև հիմա էլ չգիտենք Էլենի մոտ խնդիրը ի ծնե՞ է, թե՞ ձեռքբերովի: Ես ենթադրում եմ, որ վերջին տարբերակն է, քանի որ նոր ծնված ժամանակ ականջները ցավում էր և դեղ ենք կաթացրել, որի պատճառով էլ վնասվել է լսողական նյարդը: Ես խնդիրը դրա հետ եմ կապում»,- ասում է Էլենի մայրը՝ Նաիրա Չարչյանը:
Տասը տարեկանում ծնողները ցանկացել են վիրահատական միջամտությամբ վերականգնել Էլենի լսողությունը, բայց բժիշկները հրաժարվել են գնալ այդ քայլին, ասելով, որ ոչինչ չի փոխվելու: Նաիրայի խոսքով, եթե հիմա նույնիսկ հնարավոր լինի վերականգնել լսողությունը, ինքը դեմ կլինի վիրահատությանը:
«Ես չեմ ցանկանա, որ Էլենը նման վիրահատության ենթարկվի, քանի որ դա շատ բարդ միջամտություն է: Ու վստահ էլ չեմ, որ 100 տոկոսով կվերականգնվի լսողությունը»,-ասում է մայրը:
Ծնողների միակ զավակը՝ Էլենը, դեռ մանկուց հրաժարվել է լսողական ապարատից, 3 տարեկանից պարապել է լոգոպետի մոտ, տիրապետում է ժեստերի լեզվին և հասկանում է միայն շրթունքների շարժումներով:
«Ես բոլորին հասկանում եմ շրթունքների շարժումով և կարողանում եմ հասկացնել: Տանը շատ քիչ խոսում եմ, քանի որ ծնողներս ժեստերի լեզուն չգիտեն»,-գրում է Էլենը:
«Ի սկզբանե, շատ էր նեղվում լսողական սարքից և դեռ փոքր տարիքից չկարողացավ կրել: Ես կարողանում եմ իրեն հասկանալ, բայց ուրիշները՝ դժվարանում են»,- նշում է Էլենի մայրը և հավելում, որ երկար ժամանակ լոգոպետի մոտ պարապելու շնորհիվ Էլենը կարողացավ հաճախել հանրակրթական դպրոց:
«Երբ 5-րդ դասարանում էր սովորում, որոշեցի տանել նրան լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, քանի որ մտավախություն ունեի, որ կարող է սխալ եմ թույլ տալիս, որ նրան սովորական դպրոց եմ տանում և միգուցե իրեն այնտեղ ավելի լավ զգա, բայց երկու ամիս սովորելուց հետո, մենք երկուսս էլ հասկացանք, որ կրթությունը պետք է շարունակի իր նախկին դպրոցում: Էլենն իրեն այդ դպրոցում շատ վատ էր զգում, քանի որ երեխաների մոտ ագրեսիվություն էր զգում, բայց այդ դպրոցում նա սովորեց ժեստերի լեզուն»,-ասում է Նաիրան:
Մինչ դպրոց հաճախելը, Էլենը սովորել է այբուբենը, տիրապետել է օտար լեզուներին, իսկ հանրակրթական դպրոցում դասերին պատասխանել է միայն գրավոր տարբերակով:
Բուհում, խմբակներում, ընկերական այլ շրջապատում անտարբերության և խտրականության որևէ դրսևորում չի նկատել: Իրեն զգում է բոլորին հավասար և լիիրավ քաղաքացի: Կյանքում ոչնչից չի հիասթափվել, ոչինչ նրան չի կանգնեցրել և բոլորին հավասար շարժվել է դեպի իր նպատակները:
«Երբևէ չեմ հիասթափվել ոչ մի բանից։ Ինձ երջանիկ եմ զգում և երազում եմ կյանքում լավ մարդ լինել»,-գրում է Էլենը:
«Դպրոցում միշտ աչքի է ընկել իր ակտիվությամբ, դասընկերները միշտ սիրել և հարգել են նրան: Միշտ շփվել է իր հասակակիցների հետ: Էլենի նկատմամբ շրջապատում որևէ տարբերություն երբեք չենք նկատել: Միշտ եղել է բոլորի ուշադրության կենտրոնում»,- ասում է Էլենի մայրը և հավելում, որ միգուցե պատճառն այն է, որ իրեն երբեք չեն վերաբերվել, որպես հաշմանդամություն ունեցող երեխայի:
Նաիրան շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր այսքան ժամանակ Էլենին աջակցել են և ինչու չէ, տվել են նաև մի շարք արտոնություններ:
«Բուհում ուսման վարձ չենք վճարում, բժշկական հաստատություններից անվճար ենք օգտվում, իսկ ուսուցչական և հիմա էլ արդեն դասախոսական անձնակազմը մշտապես ընդառաջել են»,-ասում է Նաիրան:
Էլենն այս պահին աշխատանքի խնդիր չունի և չի էլ փորձել դիմել գործատուներին: Բայց վստահ է, լավ մասնագետ դառնալու դեպքում, այստեղ էլ խնդիրների և խոչընդոտների չի հանդիպելու:
Պատահականություն է, թե զուգադիպություն, բայց երբ Էլենն արժանացել է «Միսս Հայք 2016» տիտղոսին, նույն օրը Իրանում մրցումների մեկնած ըմբշամարտիկ Ժորա Գրիգորյանը, ով Էլենի սիրած տղան է, նույնպես հաղթանակի է հասել՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:
26-ամյա ժորան նույնպես լսողության խնդիր ունի: Նրանք արդեն 4 տարի է ճանաչում են միմյանց և շուտով պատրաստվում են նաև ընտանիք կազմել:
Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:
Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:
Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:
Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:
Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,
email: [email protected],
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm