Հայաստանի պետական կամերային երգչախումբը նոր է վերադարձել մայիսի 22-27-ը Գորիում (քաղաք՝ Վրաստանի Հանրապետության Շիդա Քարթլի երկրամասում) կայացած երգչախմբային արվեստի միջազգային փառատոնից:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Կամերային երգչախմբի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը, փառատոնին մասնակցում էին երգչախմբեր՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆինլանդիայից, Էստոնիայից:
«Մենք հաստատ հաղթեցինք բոլորին, բայց վրացական երգչախմբերի առումով լրիվ այլ պատկեր էր՝ իրենց բազմաձայնությունը շքեղ է ու շատ հետաքրքիր, իրենք յուրահատուկ ձեւով առանձնանում էին: Ի դեպ, վրացիները կանանց երգչախումբ ունեին՝ բաս ձայներով, իրենց գեների մեջ մի տեսակ խորը նստած է իրենց ազգային երգեցողությունը»,-ասաց պարոն Արաբյանը:
Պատվավոր հյուրի կարգավիճակով հանդես եկած Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւս առանձնացել է ոչ միայն որակական աստիճանով, այլեւ ներկայացրած ինքնատիպ ծրագրով:
Կարդացեք նաև
Կամերայինի տնօրենը վստահեցնում է՝ իրենց ելույթի ժամանակ մարդիկ հուզմունքից լաց էին լինում: «Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը մի քանի բան էր մշակել վրացական, օրինակ, «Սուլիկոն» ջազային ձեւով կատարեցինք, «Թբիլիսոն», ունկնդիրը լաց էր լինում, որովհետեւ մեր ձայներն ուրիշ էին: Կատարել ենք նաեւ Կոմիտաս, Հալաջյան, Մանսուրյան, բավականին հաջող միջազգային ծրագիր էլ ունեինք: Հիմնական ելույթի համար ամեն երգչախմբի կես ժամ էր տրված, բայց մենք այլ ելույթներ էլ ունեցանք, այդ թվում՝ Մցխեթի ամրոցում»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Գորիի փառատոնին ադբեջանական երգչախումբ էլ էր մասնակցում: Արմեն Արաբյանը պատմում է . «Իհարկե, մեր շքեղ ելույթով ու լավ ընդունելությամբ մենք ադրբեջանցիներին «ոչնչացրինք»: Նրանք սկզբում նույնիսկ չէին բարեւում մեզ, հետո էլ մտածում էին՝ ոնց անենք, բարեւենք, բայց արդեն ուշ էր»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ