Մայիսի 27-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում դպրոցական «Վերջին զանգի» արարողությունից հետո դպրոցի մոտ գյուղի բնակիչ Սասուն Չոբանյանի մասնակցությամբ աղմկոտ միջադեպ է եղել: Այգեհովտի բնակիչները հայտնեցին, որ Ս. Չոբանյանի եւ համայնքային ոստիկան Մարինա Բաղդասարյանի միջեւ թունդ վեճ է եղել, հնչել են բարձրաձայն վիրավորական արտահայտություններ :
Տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք Այգեհովտի դպրոցի տնօրեն Արմեն Մելքոնյանին: Նա ասաց, որ Սասուն Չոբանյանի եղբոր որդին այս տարվա շրջանավարտներից է: Շրջանավարտները Աչաջուր գյուղում նշել են դպրոցն ավարտելը, վերադարձել Այգեհովտի դպրոց:
Դպրոցի տնօրենի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել դպրոցի դարպասների մոտ, Սասուն Չոբանյանը ցանկացել է մտնել դպրոցի տարածք, ոստիկանները թույլ չեն տվել: Գյուղում եղել է 3 ոստիկան, նրանցից մեկը հեռացել է, մնացել են երկուսը, որից մեկը եղել է վերոհիշյալ Մարինա Բաղդասարյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Մարինա Բաղդասարյանը, որն իրավաբանական կրթություն չունի, շուրջ մեկ տարի առաջ ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայող է դարձել, ստանալով սպայական կոչում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ wikimedia.org-ի