Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտային համազգեստ հագած քաղաքացիներին Գյումրու հարկայինի շենք չեն թողնում

Հունիս 01,2016 14:17

Տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանը օրերս գործով մտնելով Գյումրու հարկային տեսչություն, մուտքի մոտ տեսել է ցուցանակ՝ համաձայն որի սպորտային համազգեստով քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում է: Նրան տեղում պարզաբանել են, որ սա Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանի հրամանն է:

Կարեն Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդում է, որ խստիվ արգելելը մարդու ազատ տեղաշարժի խոչընդոտում է: «Ես չեմ ասում, որ հարկային տեսչություն կամ պետական այլ գերատեսչություններ մարդիկ մուտք գործեն սպորտային համազգեստով. դա անձի որոշելիքն է: Ես կնախընտրեմ ոչ սպորտային համազգեստով տվյալ կառույց գնալ, բայց եթե որեւէ մեկը սպորտային համազգեստով գնա, ոչ մեկը չի կարող նրա ազատ տեղաշարժը խոչընդոտել: Օրինակի համար մի մարդ, որը ուզում է հարկայինից ինչ-որ բան ճշտել, ունի այդ մի սպորտային համազգեստը կամ սպորտային ոճի համազգեստը, ուրեմն այդ մարդու մուտքը պետական հաստատություն պետք է արգելափակվի՞:

Ես փորձել եմ ճշտել տեղում, թե ի՞նչն է պատճառը, ասել են՝ պետի հրամանն է: Փորձել եմ ճշտել Պետեկամուտների կոմիտեի թեժ գծով, թե ո՞րն է պատճառը, ասել են՝ ներքին որոշում է: Ասել եմ՝ խնդրում եմ օրենքը ցույց տաք, թե օրենքի որ հոդվածի համաձայն եք մարդուն արգելում մուտք գործել պետական կառույց, չեն կարողացել ասել», -ներկայացրեց Կարեն Պետրոսյանը:

Ըստ նրա, տվյալ դեպքում կարող ես մարդուն բացատրել, որ ցանկալի չէ սպորտային համազգեստով մուտք գործել պետական կառույց, կարող ես հորդորել, խնդրել, բայց ոչ երբեք հրահանգել ու արգելել: «Թող ասեն հարգելիներս, չի խրախուսվում, բայց արգելել, այն էլ խստիվ արգելել պետական տարածք մուտքը, կարծում եմ շատ լուրջ խնդիր է: Ես փորձել եմ կառավարության թեժ գծից ստանալ իրավական գնահատական, բայց փոխանակ նորմալ պատասխանեն, մի հատ էլ մունաթ-զունաթով, վիրավորական տոնով են խոսում:

Իսկ եթե մարդը կաշառակեր է, կարելի՞ է մտնել տարածք, եկեք գրենք կաշառակերների մուտքը խստիվ արգելվում է տարածք, միգուցե նմանատիպ որոշում կայացնող իրենց պաշտոնյաների զգալի մասը գործի չգնան: Կամ եկեք կառավարության շենքի վրա գրենք՝ հայհոյողների և սուտ խոստում տվողների մուտքը խստիվ արգելվում է, կառավարության մի զգալի հատված գործի չի գնա:

Մի խոսքով, մենք որոշենք՝ ում մուտքը ուր է արգելվում ու փորձենք հակասահմանադրական սահմանափակումներ դնել քաղաքացիների վրա՝ ելնելով տարբեր պահանջներից: Օրինակ՝ ասենք ում տրամադրությունը լավ չէ, մուտքը արգելվում է, ում դեմքին ժպիտ չկա, մուտքը արգելվում է, սա արդեն ծիծաղելի է: Իրենք հիմնավորում են բերում, թե այլ պետական հաստատություններում եւս փակցված է, ուրեմն սա շատ լավ նախադեպ է, որ կառավարությունը մեկնաբանի իր գերատեսչություններում փակցված ցուցանակի բովանդակությունը: Ու եթե դա ապօրինի է, թող հրահանգեն իրենց գերատեսչություններին, որ նմանատիպ հայտարարությունները նախ վերացնեն ու չփորձեն խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժը՝ այլ սահմանափակումների համար ստեղծելով վատ նախադեպ»,- ասաց Կարեն Պետրոսյանը:

Մենք այս թեմայի շուրջ ավելի ուշ կլսենք նաեւ հարկայինի պատասխանատուների պարզաբանումները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930