«Էյ Թի Փի»-ն ապրիլի 26-ին ՀԲԸՄ-ի «Վաչե և Թամար Մանուկյան» ավագ դպրոցում կայացած միջոցառման ընթացքում մեկնարկեց իր նոր ֆիլմի ցուցադրումը:
«Ամրացրու արմատներդ» ֆիլմը ստեղծվել է «Էյ Թի Փի»-ի «Կառուցում ենք կամուրջներ» ծրագրի շրջանակում: Այն մեկնարկել է 2010 թ.-ին և նպատակ ունի սփյուռքահայ ուսանողներին ծանոթացնել Հիմնադրամի բնապահպանական կրթական ծրագրերին՝ միաժամանակ նրանց կապելով նախնիների հայրենի հողի և հարուստ բնաշխարհի հետ:
Ֆիլմի ցուցադրումը ՀԲԸՄ դպրոցում հատկանշական էր նրանով, որ դպրոցի սաներից շատերը ֆիմում հանդես էին եկել դերերով: Ավելին, նույն դպրոցի սաները անցյալ տարի Հայաստան այցի ժամանակ իրենց հայաստանցի հասակակիցների հետ համատեղ տնկել էին ծառեր:
Միջոցառումը վարեցին դպրոցի սաներ Փաթիլ Կապտանյանն ու Փիթեր Տեր-Պետրոսյանը, ովքեր վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են դպրոցում բնապահպանական իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներում:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում Փիթերի արտասանած «Ծառ» բանաստեղծությունը հուզեց բոլորին: Այն հնչում է այսպես. «Կար չկար մի դարավոր հսկա ծառ կար: Չար մարդիկ այն կտրեցին, բայց մեկ տարի անց նա կրկին շիվեր տվեց, առաջվանից էլ ավելի դալար ու կանաչ…»:
Ելույթից հետո Փիթերն արտահայտեց իր սեփական մտորումներն ասելով. «Սիրելի՛ ընկերներ, իմ զգայական աշխարհում ծառն ասոցացվում է մեր հնագույն ազգի հետ, իսկ ճյուղերն ու շիվերը՝ ես ու դու ենք, այսինքն՝ նոր սերունդը: Հաջորդ տարի, երբ այցելեմ Հայաստան անպատճառ պիտի խոնարհվեմ այդ ծառի առջև, քանի որ համոզված եմ, որ հաջորդ սերնդի շառավիղը և կյանք պարգևողը՝ ես եմ»:
Կազմակերպիչների շարքում էին նաև դպրոցի տնօրեն Արմինե Մովսիսյանը, հայոց լեզվի ուսուցիչ Նորայր Դադուրյանը, ֆիզիկայի ուսուցչուհի Աստղիկ Յողուրթջյան-Ստեփանյանն ու տեխնոլոգիայի ուսուցիչ Վարանտ Չինչինյանը: Ֆիլմի դիտման ընթացքում մատուցվեց երեխաների ամենասիրելի ուտելիքներից մեկը՝ ադիբուդին, որի հովանավորն էր «Էյ Թի Փի»-ի հավատարիմ աջակից Ջեյմս Մելիքյանը: Ի դեպ, երեխաների շրջանում նա հայտնի է նաև «ադիբուդու մարդ» մականունով:
Ֆիլմի նախադիտման աշխատանքները կազմակերպել էր «Կառուցենք Կամուրջներ» ծրագրի արևմտյան ափի ղեկավար Անահիտ Ղարիբյանը, իսկ ցուցադրումից առաջ ֆիլմի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց ֆիլմի պրոդյուսեր և «Կառուցենք կամուրջներ» ծրագրի ղեկավար Սառա Հեյզը:
«Մեր ֆիլմի նպատակն է երիտասարներին ներկայացնել շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունը և խրախուսել նրանց այցելելու Հայաստան և իրենց հասակակիցների հետ հայրենրի հողում ծառ տնկել: Ներկայումս սփյուռքում գործում է ավելի քան 100 հայկական դպրոց, այդ թվում՝ տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ: Մեր նպատակն է կապ հաստատել այդ բոլոր դպրոցների հետ և խթանել «Կառուցենք կամուրջներ» բնապահպանական կրթական ծրագրի անցկացումը այդ հաստատություններում: Վստահաբար կարող եմ ասել, որ նման գործողությունները կնպաստեն միջմշակութային կապերի ամրապնդմանն ու ազգային գիտակցության բարձրացմանը»,- ընդգծեց տիկին Հեյզը:
Տեսանյութը նկարահանվել է CivilNet.TV-ի և «Էյ Թի Փի»-ի երկու գրասենյակների համատեղ ջանքերով: «Կառուցենք կամուրջներ» ծրագրի շրջանակում նկարահանված առաջին «Մի նոր բան» ֆիլմը YouTube-ում ավելի քան 25000 դիտում է ունեցել, իսկ մեր նոր «Ամրացրու արմատներդ» ֆիլմը արդեն հասանելի է առցանց՝ հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/getrootedarmenia:
«Կառուցենք կամուրջներ» ծրագիրը սփյուռքահայ երեխաներին տրամադրում է հարուստ տեսադարան, այդ թվում՝ տեսանյութեր, լուսանկարներ, վեբ-կայք, Facebook-ի էջ, ինչպես նաև՝ Հայաստան այցելելու և «Էյ Թի Փի»-ին հյուրընկալելու հնարավորություն:
Տեսանյութերից բացի թողարկում է նաև տպագիր ամսագիր: Այն ստեղծվել է Սառա Հեյզի կողմից, իսկ նկարազարդումների հեղինակն է Ալիկ Արզումանյանը: Աշնանը լույս տեսած ամսագրի 6-րդ համարը առկա է առցանց և տպագիր տարբերակներով: Այս համարում շոշափվում է ջրի հիմնահարցը թե՛ Հայաստանում, և թե՛ նրա սահմաններից դուրս: Ամսագրի ձեռք բերման կամ ծրագրի մասին այլ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Սառա Հեյզի հետ՝ հետևյալ էլ. հասցեով՝ [email protected].
ՀԱՅԱՍՏԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԾՐԱԳԻՐ